8000 դոլարանոց բիոզուգարանի համար ՀՀ կառավարությունը վճարել է 170 հազար դոլար
Նմանատիպ
2012թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան գնել, ինչի համար պետբյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն’ մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Կառավարության որոշմամբ բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում’ ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
«168 Ժամ»-ի հետ զրույցում Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն իր զարմանքն է արտահայտել զուգարանների գնի վերաբերյալ: «Էդքան գումար որ տային ինձ, ես տասը հատ էդ ձևի, ավելի լավ զուգարան կսարքեի, հետո էդ փողով համայնքը կզարգացնեի, բայց ո՞վ ա ինձ էդքան գումար տվողը»,- ասել է նա:
Կովկասի բնության հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանն էլ թերթի հետ զրույցում անդրադառնալով բիոզուգարանների գնման փաստին’ ասել է. «Կողմ եմ, որ լինի պատմամշակութային հուշարձանների մոտ, հատկապես այն հուշարձանների մոտ, որոնք տուրիստական մեծ հետաքրքրություն են առաջացնում: Դրա կարիքն, իսկապես, կա, բայց եթե կոնկրետ խոսենք էս դեպքի մասին, այս երկու «ֆանտաստիկ» հնարավորություններով զուգարանների մասին, ես կարծում եմ, որ մեր գերակայությունների շրջանակներից դուրս է: Կարելի էր շատ ավելի էժան, շատ ավելի կոմպակտ տարբերակներ ընտրել»: Ա. Վերմիշյանի խոսքով’ այդ թանկարժեք զուգարանները պետք չեն, որովհետև մեր երկրում շատ ավելի կարևոր գործեր կան անելու: «168 Ժամ»-ը նշում է, որ համացանցում բիոզուգարանների և դրանց գների մասին բավականին շատ տեղեկություններ կան, նշյալ բիոզուգարանները կարելի է գնել առավելագույնը 8000 դոլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում