Հայոց լեզվով շանտղություն անելը լավ բան չէ ու սիրուն էլ չէ

Ես միշտ ասել եմ՝ մենք մինչ այսօր, ցավոք, չենք կարողացել մեր քաղաքացիներին պարզ, մատչելի բացատրել, ընկալելի դարձնել Դաշնակցության էությունը, քայլերի տրամաբանությունը: Չենք կարողացել շատ ավելի լայն զանգվածների համոզել, որ կարելի է վստահել, հավատալ Դաշնակցությանը: Որ Դաշնակցությունն անկախ է, ինքնուրույն, սկզբունքային: Որ Դաշնակցության հետ կարելի է ընկերություն անել, ճամփա գնալ ու Հայաստանում կտրուկ-դրական փոփոխությունների հասնել:

Այս նույն միտքը ես ձեւակերպել եմ խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ՝ բառացի ասելով հետեւյալը. «Այս անգամ՝ Երեւանի ընտրություններում, մեր քաղաքացիները տեսնելու են իրական Դաշնակցության դեմքը»: Նախադասության վերջում երեք բառ է՝ 1. իրական, 2. Դաշնակցության, 3. դեմքը:

Եղիազար Այնթապցի հայտնի հեղինակը («1in.am», «Ժամանակ» թերթ),«Դաշնակցությունը մնում է առանց դիմակի» վերնագրի տակ բառացի մեջբերել է իմ ասած միտքը, բայց երկրորդ պարբերությունում փոխել է բառերի տեղը եւ հարց տվել՝ «Ո՞րն է Դաշնակցության իրական դեմքը». 1. Դաշնակցության, 2. իրական, 3. դեմքը: Այս փոխած շարադասության հիմքով էլ հեղինակը սկսել է մտքին զոռ տալ, իրեն ու այլոց հաճո վերլուծություն-մենաբանություններ անել:

Աստված Ձեզ հետ: Բայց հայոց լեզվով շանտղություն անելը լավ բան չէ ու սիրուն էլ չէ:

Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

Հետևեք մեզ նաև Telegram-ում