Նամակագրություն դեպի բանակցություն
Նմանատիպ
«Օրակարգը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև քաղաքական նամակագրությունը նոր թափ է ստանում: Երկու գործիչները կարծես նամակների բովանդակությամբ քաղաքական նոր օրակարգ են սահմանում: Տեխնիկական խոչընդոտներից բացի՝ նախանշվող բանակցություններում գոյություն ունեն նաև բովանդակային խոչընդոտներ, որոնք կարող են ի սկզբանե տապալել բանակցությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը բավական հիմնավոր բացատրություն պետք է գտնի նույնիսկ իր մահով Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կանխելու մտադրությունից փաստացի հրաժարվելու համար: Մյուս հնարավոր խոչընդոտը վերաբերում է Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներին, ավելի շուտ այն հանգամանքին, որ դրանք «Ժառանգության» առաջնորդի կողմից որակվել են որպես անբեկանելի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին դե ֆակտո ճանաչման դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է մի շարք գերատեսչություններ և փոփոխություններ: Այս տրամաբանությունից ելնելով՝ ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ոչ թե Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների ձևն ու քանակը, այլ պահանջվող պաշտոններում «ժողովրդի ներկայացուցիչների» թեկնածությունների խնդիրները և բարեփոխումների իրականացման հստակ ժամկետները:
Նշենք, որ նման նախաբանակցային իրավիճակ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել է իր հայտարարություններով ու խոստումներով, ինչքան էլ ժողովրդի հիշողությունը կարճ լինի, այնուամենայնիվ դեռևս բավարար ժամանակ չի անցել դրանք մոռանալու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում