ՄԱԿ-ում ադրբեջանական ներկայացուցչությունը ոստիկանական գործառույթներ է իրականացնում
Նմանատիպ
«Ազգ»-ը գրում է. «Բոլորիս հիշողության մեջ թարմ է Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ադրբեջանցի երկու ուսանողի ծեծի ենթարկելու փաստով» հարևան երկրի բարձրացրած աղմուկը: Բանը հասել էր նույնիսկ ԱԳՆ մակարդակով ֆրանսիական իշխանություններին դիմելուն, և խնդիր էր դրվել «հասնելու հայ բարբարոսների և նրանց հովանավորների հանդեպ արդարացի դատավարության»: Երեկ ադրբեջանական մամուլում հայտնվել է խիստ ուշագրավ մի տեղեկատվություն:
Ըստ այդմ, «Նյու Յորք սիթի» համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Էմիլ Իսմայիլը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջեբրայիլովի կողմից ենթարկվել է սպառնալիքների: Դա տեղի է ունեցել մարտի 22-ին, Նյու Յորքում ադրբեջանական համայնքի կազմակերպած միջոցառման ժամանակ: Ուսանողը «Թուրան» գործակալության ասել է, որ Ջեբրայիլովը հարձակվել է իր վրա և փորձել հարվածել: Ակցիայի մասնակիցներին հաջողվել է կանխել Ջեբրայիլովի հարձակումը և նրան հեռացնել միջոցառման վայրից: Իսմայիլը տեղեկացրել է, որ «դիմել է Նյու Յորքի ոստիկանություն, որտեղ նրան խոստացել են հետաքննություն անցկացնել»:
Չնայած Ջեբրայիլովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ուսանողը մտադիր է հասնել նրա պատժին: Մեր կողմից կարող ենք խորհուրդ տալ. ՆԳՆ նախարար Ռամիլ Ուսուբովն արդեն 67 տարեկան է, արժե Ջեբրայիլովին հետ կանչել դիվանագիտական ծառայությունից և նշանակել թիվ մեկ ոստիկան: Միևնույն է, նա արդեն ինքնաբացահայտվել է’ որպես Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի գործակալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում