«Copy-paste-ով դժվար է գիտական ծրագիր անցկացնել»

Երեկ ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ’ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագիծը մշակվել է նախարարության կողմից եւ ներկայացվել կառավարությանը. «Արժանանալով հավանության’ նախագիծը ներկայացվել է ԱԺ: Որպես նախագծի հեղինակներ’ պատրաստ ենք ստանալ առաջարկություններ: Օրենքի անհրաժեշտությունը հասունացել է, եւ մենք հույս ունենք, որ ստանալով հիմնական առաջարկությունները’ կկարողանանք հանձնաժողովի հետ վերամշակել նախագիծը, ապահովել ԱԺ-ում երեք ընթերցումների սահուն ընթացքը եւ հիմք դնել ՀՀ-ում գիտության ֆինանսավորման նոր մեխանիզմների: Երիտասարդ գիտնականների եւ ակադեմիական գիտական շրջանակների կողմից քանիցս բարձրացվել է օբյեկտիվ գիտական փորձաքննության անհրաժեշտության հարցը’ որպես որակի ապահովման եւ արդյունավետ ֆինանսավորման կարեւորագույն մեխանիզմ»:

Նախարարի փոխանցմամբ. «Նախագիծը ենթադրում է, որ համապատասխան ընթացակարգերով գիտական ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկվեն, իսկ փորձաքննության ինստիտուտը պետք է լինի անկախ’ ներքին եւ արտաքին փորձագետների ներառմամբ: Ինչպես նաեւ, պետք է ներդրվեն փորձագետների որակը հավաստող մեխանիզմներ, իսկ փորձաքննության արդյունքները կարեւոր հիմք են հանդիսանալու գիտական գործունեության ֆինանսավորման համար: Բացի ֆինանսական «ներարկումներից», անհրաժեշտ է ներդնել նաեւ մեխանիզմներ’ ֆինանսների առավել արդյունավետ օգտագործման համար»:

Պարոն Աշոտյանը փաստեց, որ վերջին տարիներին գրանցվել են դրական տեղաշարժեր. «Առավել արդյունավետ են դարձել գիտական ծրագրերի համակարգման գործընթացները, նվազել է կրկնվող ծրագրերի թիվը, իսկ copy-paste-ի մեխանիզմով դժվար է ծրագիր անցկացնել»:

ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն իր զեկույցում ներկայացնելով նախագիծի անհրաժեշտությունը, նշեց, որ այն սահմանում է գիտական փորձաքննության հիմնական խնդիրները, սկզբունքները եւ ձեւերը, փորձաքննության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ հստակեցնում է փորձագետի պատասխանատվության խնդիրը, որը, պարոն Հարությունյանի խոսքով, նախկինում չէր համակարգվում»,- գրում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում