Քաղաքապետ Մարգարյանն այցելել է Դավթաշեն համայնք. այնտեղ շարունակվում են շինարարական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող շախմատի նոր դպրոցի պայմաններին:

Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի դռները: Ի դեպ, մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով քաղաքապետարանի ծրագրերով շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները:

<<Մենք Շախմատի ակադեմիայի տնօրենի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ունենանք շախմատի դպրոցներ: Երևանում այսօր ունենք 3 շախմատի դպրոց և պատրաստվում ենք հարմարավետ պայմաններով ապահովված ևս 10-ը հիմնել>>,- նշել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին և երրորդ թաղամասերի բակային տարածքներում արդեն մեկնարկած համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի բոլոր՝ հատկապես ծայրամասային վարչական շրջաններում, նկատվող բարեկարգման լայնածավալ աշխատանքների համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բարեկարգվող բոլոր տարածքները պարտադիր կապահովվեն նաև ոռոգման նոր ցանցով՝ ստեղծվող կանաչ տարածքների խնամքը պատշաճ իրականացնելու համար: 

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին թաղամասի 45 շենքի բակում ընթացող ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված խաղադաշտն արդեն ամռանը շահագործման կհանձնվի: Գոհունակություն հայտնելով լայն թափով մեկնարկած աշխատանքների ընթացքից, դավթաշենցիները նկատել են, որ արդեն ամռանը իրենց երեխաների հետ միասին կկարողանան լիարժեք հանգստանալ հենց իրենց բակերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի նորաստեղծ հանգստի այս գոտիներն օր առաջ հանձնվեն բնակիչների տնօրինմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում