Սյունիքի մարզպետը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին. «Երբ մի քիչ չաղանում է, հացադուլ է անում, որ նիհարի»

«Ժամանակ» թերթը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Վերջինս, պատասխանելով հարցին, թե ինչու չգնաց Րաֆֆի Հովհաննիսյան հետ հանդիպելու, նշել է.

«Ես Կապանում էի, ինքը եկել էր, թող գար հանդիպեր ինձ, հո ե՞ս չէի գնա մի քանի տասնյակ վկաների ներկայությամբ իր հետ խոսեի: Մեր խոսակցությունը պետք է լիներ տետ-ա-տետ, ինքը դա չցանկացավ, ես սպասում էի: Ինքը փորձեց մի քանի տասնյակ վկաների մոտ շահարկել, բայց դա անհիմն է՝ ասեմ իմանաք: Ես չեմ կարծում, որ մեր խոսակցությունը պետք է լիներ վկաների ներկայությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ինքը հրապարակային քայլերի կողմնակից է, արդյոք ճիշտ չէ՞ր լինի գնալ հրապարակում հանդիպել, պարզաբանել հանրության ներկայությամբ:

Ես պարզաբանելու բան չունեի իր հետ, ինքը ուներ պարզաբանելու բան, ես էլ սպասում էի, որ ինքը գար, եւ պարզաբանեի իր հետ, եւ նաեւ ցույց տալու բան ունեի իրեն, բայց ինքը չեկավ:

Նկատի ունեք տեսագրությո՞ւնը:

Այո:

Այսինքն՝ եթե տեսագրությունը ցույց տայիք, եւ պարզվեր ճիշտ է՝ նրա գլուխը ջարդելո՞ւ էիք:

Ընթացքը ցույց կտար…

Ինչպե՞ս եք գնահատում կապանցիների ակտիվությունը: Այս անգամ էլ միջադեպ եղավ, երբ մի քանի տղամարդ եկան, ասացին, որ Սերժ Սարգսյանին են ընտրել եւանողնաշար չեն: Հնարավո՞ր է, որ Դուք էիք ուղղորդել այդ մարդկանց:

Մարդիկ էին, որոնք իրենց սրտի խոսքն էին ասում եւ ճիշտ էլ ասում էին: Երբ ինքը փորձեց խոսել պատերազմից, մարդիկ իրեն հարցրին՝ դու որտե՞ղ էիր այդ ժամանակ, եւ այդ մարդիկ իրենց սրտի խոսքն էին ասում, եւ ընդհանրապես մարդիկ ասում էին՝ դու ի՞նչ իրավունքով ես ասել, որ Սերժ Սարգսյանին ձայն տվողները անողնաշար են: Հակառակը, ասացին՝ երեւի թե անողնաշարը դու ես:

Բայց Կապանը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, արդյոք դժգոհողները միքանի՞ հոգի են:

Հիմա արդեն փոշմանել են, կարծում եմ՝ ամբողջ հանրապետության մասշտաբով շատ ձայն տվողներ արդեն փոշմանել են:

Ինչո՞ւ եք այդպես մտածում:

Դուք ինքներդ եք տեսնում, որ այսօր ընդամենը 60-70 հոգի էին հավաքվել, այն էլ այն մարդիկ են, որոնք թոշակառու են, առավոտյան տնից դուրս են եկել, լավ եղանակ է, վաղուց սպասում էին այսպիսի գարնանային եղանակի եւ այդ հրապարակում նստած սպասում էին, հենց մասնակցեցին էլի… մասնակցեցին՝ մասնակցելու համար, երեւի հետաքրքրությունից ելնելով:

Պարոն Խաչատրյան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գար մարզպետարան, ի՞նչ էիք անելու:

Սպասում էինք, որ ինքը գար եւ այդ տեսագրությունը ցույց տայինք, չգիտեմ՝ հետո ինքը ինչ կպատճառաբաներ, բայց, այնուամենայնիվ, սպասում էի, որ ինքը կգար: Բայց ես ցանկություն էլ չունեի մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ գնայի իր հետ բանավիճելու: Ես իմ խոսքը ասել եմ, եթե ինքը դրանից շատ հուզված էր, թող բարի լիներ գալ, ես իր պատասխանը կտայի։

Րաֆֆի Հովհաննիսյանը հանուն բարեկեցիկ Հայաստանի առաջարկում է կիսել իշխանությունը:

Դե հիմա գիտեք ինչ կա, էսպիսի հին որսորդների մի խոսքը կա, ասում են.«Աղվեսներն իրենց մահկանացուն կնքելուց առաջ գազազում են»: Ինքը էսօր երեւի էդ վիճակում է:

Բայց հացադուլը դադարեցրել է:

Իր մոտ հացադուլը բնավորություն է, դա չեմ ուզում կապեք քաղաքականության հետ, երբ մի քիչ չաղանում է, հացադուլ է անում, որ նիհարի, որովհետեւ էդ փորձը կա: Մի քանի անգամ ինքը պասի ժամանակ հացադուլ է արել, սա իր հերթական հացադուլն է, չկապենք դա քաղաքականության հետ:

Հաշվի առնելով հետընտրական զարգացումները՝ ի՞նչ ելք կունենա շարժումը:

Մարել են դրանք, դրանք, հավատացեք, մարված են: Հեսա նրա այցը մյուս մարզերում էլ կտեսնեք… իսկապես էդ մարդու քայլերը սպառված են, մարված են: Հիմա ինքը մարդկանց ավելորդ վիրավորում է: Մենք ունենք ընտրված նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, եւ փառք Աստծո, ես ուզում եմ այսօր բարձր գնահատեք, որ ընդհանրապես նախագահների երկրորդ ընտրություններին միշտ տոկոսները ցածր են լինում, բայց այս ընտրությունը իր որակով, իր ժողովրդավարությամբ, աշխարհի կողմից գնահատված լինելով հանդերձ՝ փայլուն ընտրություններ էին, եւ էս փայլուն ընտրություններով նախագահ ենք ընտրել: Ես չեմ ուզենա, որ մենք փորձենք էդ մասին խոսել: Իսկապես ճիշտ չէ, քանի որ մենք երկու ամիս է՝ ունենք վերընտրված նախագահ: Եթե մեկը դրսից եկել է, ինչ-որ կամակատարություն է անում, մենք փորձենք տեղի տալ եւ փորձենք ասել՝ սրա վերջը ի՞նչ կլինի… մենք պետություն ենք, դրա վերջը ի՞նչ պետք է լինի, ի՞նչ կարող է ինքը անի… ոչ մի բան, օրեցօր էլ մարելու է եւ վերջանա:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը էլի առաջարկ անի հանդիպելո՞ւ…

Մշտապես պատրաստ եմ՝ հանրապետությունում, հանրապետությունից դուրս, ցանկացած տեղ, եթե ինքը փորձի տետատետ հանդիպել, ես միշտ պատրաստ եմ, բայց վկաների ներկայությամբ իր հետ հանդիպելու ցանկություն չունեմ: Մարդկանց ներկայությամբ ես նրա հետ հանդիպելու ոչինչ չունեմ, բայց առանձին, տետատետ՝ խնդրեմ:

Իսկ ինչո՞ւ չեք ուզում մարդկանց ներկայությամբ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Չե՞ս զգում, որ արդեն շատ հարցեր տվեցիր»,- մեջբերում է «Ժամանակը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում