Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պ. Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և նրա դեմ մահափորձ իրականացնելու համար կասկածյալների միջև տեղի ունեցած առերեսման լուրը հաստատել կամ հերքել չկարողացան ոչ ԱԻՄ առաջնորդի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ոչ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ գործը գտնվում է նախաքննության փուլում և իրենք իրավասու չեն որևէ տեղեկություն հայտնել:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի ունեցած տեղեկությունների’ մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: «Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»: Այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը և բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն»,- գրում է թերթը:

Ավելացնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ կասկածվում է մեկ այլ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նա այս պահին գտնվում է կալանքի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում