Ազգային ավիափոխադրողի սննկացման հետևանքներն առաջինը կզգան շարքային քաղաքացիները

Անդրադառնալով «Արմավիա»-ի սննկացմանը’ «Голос Армении»-ի թերթը գրում է, որ այս փաստը պետք է դիտարկել որպես «ողբերգություն», քանի որ սա խոսում է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի վախճանի մասին: «ГА»-ն նշում է, որ «Արմավիա»-ի սննկացման պատճառը վատ մենեջմենթն է, և այդ հարցը ավիաընկերության առաջ ծառացել էր նաև այն ժամանակ, երբ վերջինս պատկանում էր պետությանը, միայն թե այդ ժամանակ մարդկանց համոզում էին’ «Եթե ավիաընկերությունը հանձնեն մասնավոր բիզնեսին, իրավիճակը կշտկվի…»:

«Արմավիա»-ում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներից մեկն, ըստ թերթի, ՀՀ կառավարությունն է, որը դեռ շատ վաղուցվանից գիտեր ազգային ավիափոխադրողի մոտ ծագած խնդիրների մասին, սակայն որևէ կերպ ձեռնամուխ չեղավ այդ հարցի լուծմանը, ավելին’ ըստ թերթի, մեղմ ասած, խելամիտ չէ այն հանգամանքը, որ «Արմավիայի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը չի պատկանում պետությանը: Թերթը նաև նշում է, որ «Արմավիա»-ի փակման բացասական հետևանքներն իրենց մաշկի վրա առաջինը զգալու են հենց շարքային քաղաքացիները: 1. Թանկանալու են ավիատոմսերի գները («Արմավիա»-ի փակման մասին լուրից հետո արդեն թանկացել են դեպի Դուբայ չվերթների տոմսերի գները): 2. Ավիատոմսերի գների թանկացման արդյունքում արտերկրում աշխատող մեր հայրենակիցները զրկվելու են իրենց հարազատներին հաճախակի այցելելու հնարավորությունից: 3. Վերանալու են անվճար ավիատոմսերը, որոնք կառավարությունը ազգային փոխադրողի միջոցով նախատեսում էր սոցիալական որոշակի խավի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում