«Կյանքի խոսքը» պետական գերատեսչությունների նման աշխատանքային ժամեր ունի

Երեւանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն’ բավականին մեծ չափերի: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«ՉԻ» տեղեկություններով’ շենքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի «Կյանքի խոսքի» հետ եւ ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, զանգահարեցինք այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով հայտնեց, թե մեր հարցերին կարող է պատասխանել իրենց կազմակերպության լրատվության պատասխանատուն’ Արմենը: Մեր հեռախոսազանգին պատասխանող քաղաքացին խնդրեց զանգահարել հինգ րոպե հետո’ մինչեւ նա կփոխանցի, որ մենք հարցեր ունենք:

Հինգ րոպե անց զանգահարեցինք, եւ տղան խնդրեց հեռախոսահամար թողնել: Այդպես էլ արեցինք: Մոտ մեկ ժամ հետո մեզ զանգահարեց «Կյանքի խոսքի» լրատվության պատասխանատուն: Շենքի հետ կապված մեր հարցից բացի, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իրենք դասընթացներ են կազմակերպում եւ տարվա մեջ մի քանի անգամ շրջանավարտներ են ունենում (խոսքը աստվածաշնչյան դպրոցի’ 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ թողարկելու լուրերի մասին է): Լսելով մեր հարցադրումները՝ պատասխանատուն ասաց, թե պետք է մեր հարցերը գրավոր ուղարկենք իրենց: Փորձեցինք նրան բացատրել, որ հատուկ ուսումնասիրություն պետք չի անցկացնել մեր հարցերին պատասխանելու համար, ընդամենը պետք է հաստատել կամ հերքել տեդեկությունը, այսինքն’ «այո» կամ «ոչ» ասել: «Կյանքի խոսքի» ներկայացուցիչն ասաց, թե իրենց աշխատանքային ժամն ավարտված է: Տարակուսած հարցրինք, թե երբ է ավարտվում իրենց աշխատանքային ժամը, պարզվեց’ ժամը 17:00-ին:

Հետո երիտասարդը սկսեց բացատրել, թե ինչպես պետք է աշխատել գերատեսչությունների հետ: Այնուհետեւ, նյարդայնանալով մեր հորդորից, թե մեզ մի սովորեցրեք աշխատել, երիտասարդն անջատեց հեռախոսը:

Մենք հետ զանզահարեցինք «Կյանքի խոսք» եւ դիմելով հեռախոսին պատասխանող անձին’ միանգամից հարցրեցին’ «Որտե՞ղ է ձեր գրասենյակը, նոր շենքո՞ւմ եք արդեն նստում»: Պարզվեց, որ «նոր շենքը» միայն ծառայելու է այս աղանդի հավաքույթների համար:

Ի դեպ ընդգծենք’ «աշխատանքային օրվա» ավարտին մամլո քարտուղարն ինքն էր մեզ զանգահարել: Սա’ մեկ: Երկրորդ’ ակնհայտ էր, որ մեր հարցադրումները դուր չեկան «Կյանքի խոսքի» ներկայացուցչին, եւ նա նյարդայնացած անջատեց հեռախոսը: Նկատենք, որ մինչ կանջատեին հեռախոսը’ հասցրինք փոխանցել, որ մենք օրաթերթ ենք, եւ ամեն դեպքում հրապարակումը կլինի»,- գրում է ««Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում