Աճեմյանն ու Բիշարյանը «բացահայտել» են Էկվադորը

Աժ պատգամավորները շարունակում են նորանոր երկրներ բացահայտել իրենց համար: Օրերս հերթական գործուղումից են վերադարձել ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ու Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որոնք տասն օրով գտնվում էին Էկվադորում: Տեղեկությունը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Կարինե Աճեմյանը: Սակայն նա կարծես թե, այդքան էլ ոգևորված չէր կատարած իր ճանապարհորդությունից ու դժգոհում էր, որ բավական դժվարությամբ են գնացել, հետ եկել: Թե որքան է սույն շրջագայությունը արժեցել մեր հարկատուներիս համար, առաջիկայում կփորձենք ճշտել: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Աժ ղեկավարությունը ի սկզբանե որոշած է եղել, որ Էկվադոր պետք է մեկնի միայն Հեղինե Բիշարյանը: Կարինե Աճեմյանին, ըստ Աժ թերթի աղբյուրների, վերջին պահին հաջողվել է համոզել Հովիկ Աբրահամյանին և ընկերանալ Բիշարյանի հետ:

«ՀԺ» թղթակցին Աճեմյանը հայտնել է, որ այցը շատ կարևոր էր: Նրանք մասնակցել են միջխորհրդարանական միության վեհաժողովին և կարևոր հարցերի քննարկման մասնակցել: Հարցին իսկ ինչ հարցեր եք դուք բարձրացրել, տիկին Աճեմյանը պատասխանեց, որ այս անգամ իրենք միայն քննարկումների են մասնակցել, որոնք բավական հետաքրքիր են եղել: Ըստ նրա, հետաքրքիր է եղել տարբեր երկրներում կանանց և տղամարդկանց հավասարության մասին քննարկումը: ՀՀԿ-ական պատգամավորը արձանագրեց, որ մեր երկրում այդ առումով բավական բարվոք վիճակ է, երկրներ կան, որտեղ սարսափելի բաներ են կատարվում:

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին գործուղման մեջ է նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա էլ գտնվում է Աֆրիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում