«Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է Վալյեխոյին (լուսանկարներ)
Նմանատիպ
Կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն պաշտոնապես ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
20-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» հանդես է գալու «3» համարի մարզահագուստով, որը պատկանում էր «սերուցքայինների» նախկին պաշտպան Պեպեին։
«Սարագոսայի» սանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Այնտրախտում», որի կազմում մասնակցել է 27 հանդիպման, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2014-2016 թվականների ընթացքում Վալյեխոն «Սարագոսայում» 54 հանդիպման է մասնակցել, խփել է 1 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։
«Շատ շնորհակալ եմ ակումբին, որ վստահեցին ինձ պայմանագիր կնքելու պահին և հիմա, երբ ես դառնում եմ թիմի լիարժեք անդամ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ջանք չխնայելով, զոհաբերությունների գնալով, ինչին ինձ սովորեցրել են ծնողներս, պատրաստ եմ երկար տարիներ անցկացնել աշխարհի լավագույն ակումբում։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և սիրելիիս, ով, ցավոք, չկարողացավ ներկա լինել միջոցառմանը։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որ ինձ ջերմությամբ ընդունեցին։
Աննկարագրելի հպարտություն եմ զգում, բայց միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն։ Ջանք չեմ խնայի այս ակումբի համար»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Վալյեխոն։