«Ցանկանում եմ խաղալ լեգենդների հետ». «Բարսելոնայի» երկրորդ փորձը

«Բարսելոնան» երկրորդ առաջարկն է կատարել «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերի շուրջ:

«Կապտանռնագույնների» առաջին առաջարկը կազմում էր 20 միլիոն, որը չինական ակումբը մերժել է: Այժմ կատալոնացիները պատրաստ են 25 միլիոն վճարել,- գրում է Marca.com-ը:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո: 28-ամյա ֆուտբոլիստն արդեն սկսել է ճնշում գործադրել չինացիների վրա և պահանջել նրան բաց թողնել կատալոնական ակումբ: Պաուլինյոն հարցազրույց է տվել «Band» հեռուստաալիքին, որում ասել է.

«Ես ազնիվ մարդ եմ, և չեմ սիրում երկերեսանություն անել: Իհարկե, մտածում եմ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: Ինձ համար հնարավորություն է առաջացել խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, որոնք արդեն լեգենդ են դարձել: Իմ ներկայիս ակումբն առաջարկ է ստացել կատալոնացիներից, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Հուսով եմ` նրանք կկարողանան ընդհանուր հայտարարի գալ»,- ասել է բրազիլացին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «բլաուգրանային» միանալու համար կիսապաշտպանը պատրաստ է աշխատավարձի կրկնակի կրճատման գնալ: Ներկայումս նա տարեկան ստանում է 9,5 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում