Հայերը կարող են հպարտանալ իրենց գրողներով, նկարիչներով, ճարտարապետներով. Պյոտր Սվիտալսկի

Նմանատիպ
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին «Ստեղծարար Եվրոպա» ֆորում-ի մեկնարկից առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ծրագրին Հայաստանի մասնակցությունը կամրապնդի Հայաստանի կապը ԵՄ-ի հետ:
«Անշուշտ, ԵՄ-ի դիտակետում է տնտեսության, արդյունաբերության զարգացումը, սակայն մենք կարևորում ենք նաև մշակույթի դերը: Շատ լավ է, որ Հայաստանը միանում է «Ստեղծարար Եվրոպա» ֆորում-ին: Հայաստանի մասնակցությունը կամրապնդի Հայաստանի ու ԵՄ-ի կապերը: Դարեր շարունակ Հայաստանի ներդրումը Եվրոպական Միության ինքնաճանաչման գործում արժեքավոր է եղել: Կարծում եմ, որ հայ նկարիչները, գրողները և արվեստի մյուս ոլորտներում ստեղծագործողները կհարստացնեն եվրոպական մշակույթը, և մեր պատվիրակությունը կշարունակի Հայաստանում մշակութային կյանքի զարգացման գործում մեծ դեր կատարել»,-նշեց Պյոտր Սվիտալսկին;
Նրա խոսքով` իրենք հույսեր ունեն, որ Հայաստանը 2018 թվականից կմիանա ծրագրին: «Նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են. Հայաստանը սիմվոլիկ անդամավճար կմուծի դրա համար, ընդամենը 50000 եվրո, բայց «Ստեղծարար Եվրոպա»-ի տված օգուտները շատ շոշափելի կլինեն»,- շեշտեց նա:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին` դեսպանն ասաց, որ այն Հայաստանի մշակութային կյանքում շատ կարևոր իրադարձություն է: «Ես մասնակցում եմ բացման արարողությանը: «Ստեղծարար Եվրոպա»-ի տեսանկյունից այն հիանալի հարթակ է լավ գաղափարները ներկայացնելու համար, իսկ ստեղծագործերը փիլիսոփայության ձև է, որը չպետք է ենթարկվի գրաքննության»,-ասաց Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ «Ստեղծարար Եվրոպա»-ին անդամակցելուց հետո արվեստի մարդիկ հնարավորություն կունենան իրենց նախագծերն ու առաջարկները ներկայացնել Եվրոպային ու հաջողել: «Այն հնարավորություն է տալիս կապեր հաստատել ու համագործակցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց դեսպանը և հավելեց, որ հայերը կարող են հպարտանալ իրենց նկարիչներով, գրողներով, ճարտարապետներով:
«Ստեղծարար Եվրոպա» համաժողովի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպայի միջև ստեղծագործական և մշակութային ոլորտներում համագործակցության և համատեղ արտադրության խթանումը, ինչպես նաև նպաստումը ԱլԳ երկրների Ստեղծարար Եվրոպա ծրագրի լիիրավ անդամակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում