Վթարի ենթարկված նախկին պատգամավորի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 պետհամարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները:

«Արմենիա» Բժշկական կենտրոնից երեկ գիշերը «Ժամանակին» հաղորդեցին, որ տուժողներից մեկը՝ Զոհրաբ Զոհրաբյանը, անգիտակից վիճակում է բերվել հիվանդանոց եւ այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա մեր զանգի պահին գտնվում էր հետազոտման փուլում, կոմպյուտերային տոմոգրաֆիա էր անցնում, այնպես որ՝ վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը չկարողացավ ասել, թե ինչ վնասվածքներ ունի։ «Դեռեւս հետազոտվում է, վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց նա։

Մեր հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, բժիշկը պատասխանեց. «Չեմ կարող ասել, դեռեւս հետազոտման փուլում է»։ Մեր զանգի պահին՝ գիշերը ժամը 2-ին, հիվանդանոց էին գնացել ոստիկանները։ Ըստ մեր տեղեկությունների՝ Զոհրաբյանի մեքենայի հետ վթարված մյուս մեքենայի վարորդը «Շառ» մականունով թմրամոլ է, որին տեղափոխել են վիրահատարան»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում