Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից դեպի Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա: Տուրիստական ընկերություններից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ այդ դեպքից հետո որևէ խնդիր չի առաջացել:

«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,- ասաց երևանյան տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը:

Հայ զբոսաշրջիկների շրջանում նման պահանջարկը պայմանավորված է ուղիղ չվերթի առկայությամբ, գների մատչելիությամբ: Տուրիստական ընկերություններից փոխանցեցին, որ այս տարի Եգիպտոսին զուգահեռ հայ զբոսաշրջիկները շատ են սկսել հետաքրքրվել դեպի Թուրքիա ուղղությունով:

«Եթե նախորդ տարի ընդհանրապես Թուրքիայում հանգստանալու մասին հարցնող չունեինք, ապա այս տարի հետաքրքրվողները շատ են: Ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ նախորդ տարի ավելի էժան էր, քան այս տարի»,-փոխանցեցին տուրիստական ընկերությունից:

Թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը տուրիստական ընկերություններից միանշանակ դժվարացան պատասխանել, սակայն նշեցին, որ այս տարի որոշ եվրոպական ուղղություններով վիզա ստանալու գործընթացը փոքր-ինչ բարդացել է: Եվ որպեսզի վիզային քաշքշուկների մեջ չընկնեն, շատերը նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ մուտքն ավելի դյուրացված է:

Ինչ վերաբերում է այս տարվա պահանջված այլ ուղղություններին, ապա հայ զբոսաշրջիկների զգալի մասը շարունակում է նախընտրել Վրաստանը: Պահանջված ուղղություններից է Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Բուլղարիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում