Պայքար նշանակում է նաև պարտություն. Արտակ Զաքարյան

«Պայքար նշանակում է նաև պարտություն, համապատասխան կարգավիճակ, իսկ դա չի նշանակում, որ կենաց-մահու կարգավիճակ է և ընդդիմություն լինելը ևս կարևոր է մեր երկրում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով’ հետընտրական զարգացումները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա բացասական ազդեցություն ունենալ չեն կարող:
Ըստ Արտակ Զաքարյանի’ ապրիլի 9-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որին հրավիրված են միջազգային խորհրդարանական պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և այլոք, կանցնի պատշաճ մակարդակով:

«Բոլոր նախագահներն էլ իրենց շնորհավորական ուղերձը հղել են գործող նախագահին և բոլորի համար ակնհայտ է, որ նա է հաղթել ընտրություններում»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում ընտրական տրամադրությունները շաղկապված են և նախագահի ընտրություններից հետո ստեղծված տրամադրությունները որոշակի անդրադարձ կունենան ավագանու ընտրությունների վրա:

«Մեր թիմը նախորդ 4 տարիների ընթացքում աշխատել է բավականին արդյունավետ, արձանագրելով լավ արդյունքներ։ Ունենք բացթողումներ, լուծման անհրաժեշտ խնդիրներ, ունենք Երևան քաղաքի դեմքը փոխելու, ավելի քաղաքային պայմաններին համահունչ դարձնելու խնդիր»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում