Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակի պատճառն Ադրբեջանի ներքաղաքական կյանքն է

Ադրբեջանը հայտնվել է մի այնպիսի քաղաքական իրավիճակում, որ նույնիսկ կարող է ծայրահեղ գործողությունների գնալ:Այս մասին այսօր, լրագրողների հետ հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակն, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և հավելեց, որ այդ խնդիրն ամբողջությամբ առնչվում է Ադրբեջանի ներքաղաքական դաշտին:

«Պատրաստվելով նախագահական ընտրություններին, ունենալով միջազգային հարաբերությունների ակտիվ եւ որոշակիորեն ճնշող ազդեցությունն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա, հասարակական անհանդուրժող դիմադրողականությունը, ինչին Ադրբեջանը սովոր չէ եւ Արցախյան բանակցային գործընթացում իր համար ցանկալի արդյունքների հեռանկարը չունենալով, այդ երկիրը, բնականաբար, կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»,- ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանն այսօր տեղում դոփում է եւ հասկանում, որ դա կարող է ներքին պայթյուն առաջացնել: Հատկապես, երբ Թուրքիայի ուշադրությունն արդեն շեղվում է դեպի Մերձավոր Արեւելք: Եվրոպական հարթակներում, Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանը դիտարկվում է որպես վերջին երկիր՝ բոլոր առումներով:

«Ադրբեջանը բոլոր տեսակի քաղաքական գործընթացների մեջ կարող է մտնել, միայն թե այս փակուղային վիճակից դուրս գա»,- ամփոփելով խոսքն` ասաց Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում