Ճանապարհային ոստիկանության հինգ աշխատակից ազատվել է աշխատանքից
Նմանատիպ
Ապրիլի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպումը հաջորդել է ոստիկանության պետի հանձնարարությամբ ճանապարհապարեկային ծառայության կողմից անցկացված հերթական ստուգումներին: ՃՈ աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար, Սաշա Աֆյանն անդրադարձել է հայտնաբերված թերություններին և նշել, որ դեռ կան աշխատակիցներ, որ ծառայական պարտականությունները կատարում են թերի, չեն հետևում քաղաքացիների հետ շփման գրված ու չգրված կանոններին:
Ոստիկանության պետի տեղակալի հրամանով խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, ոստիկանության պետի հրամանով’ նրանցից հինգը ազատվել են աշխատանքից ու վերցվել կադրերի ռեզերվ:
«Այս կարգապահական տույժերն ինքնանպատակ չեն. կան աշխատակիցներ, որ տույժերից հետևություն են արել, ուղղվել»,- ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանության պետի տեղակալը մեկ անգամ էլ հիշեցրել է, որ չի կարելի շեղվել պարեկային երթուղուց’ առանց ստորաբաժանման ղեկավարի թույլտվության, չի կարելի սպասել, որ կանգնեցված մեքենայի վարորդը մոտենա, այլ ճանապարհային ոստիկանը պետք է ներկայանա վարորդին, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել բարեկիրթ, զսպված ու համբերատար:
Սաշա Աֆյանը հանձնարարել է ՃՈ ղեկավարությանը’ լինել ավելի հետևողական, ծառայությունը կազմակերպեն հնարավորինս արդյունավետ, իրականացնեն պատշաճ հսկողություն աշխատակիցների նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում