Նոր ուստարում Գեղարքունիքի մարզային ենթակայության դպրոցներ կհաճախեն շուրջ 27 հազար աշակերտներ

Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող 117 հանրակրթական եւ 1 հատուկ դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում կսովորեն 26 հազար 996 աշակերտներ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, նոր ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում կոմպլեկտավորվել է 1444 դասարան: Առաջին դասարան է ընդունվել 2891 աշակերտ:

Նախորդ ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում սովորել են 27 հազար 74 աշակերտներ, որոնցից 2995-ը եղել են առաջին դասարանցիներ: Ամենաշատ աշակերտներ նոր ուստարում ունի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը՝ 976: Երկրորդ տեղում է Սեւան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցը՝ 951 աշակերտ: Երրորդ տեղում Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցն է՝ 794 աշակերտ: Ամենաքիչ թվով աշակերտներ ունեն հեռավոր կամ սահմանամերձ գյուղերի միջնակարգ դպրոցները, որտեղ այդ թիվը տատանվում է 9-ից մինչեւ մի քանի տասնյակի սահմանները: Մարզային ենթակայության 26 դպրոցներում առկա է 47 ուսուցչի թափուր աշխատանքային տեղ, որոնք կլրացվեն մրցութային կարգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում