Սեյրան Օհանյանն ընդունել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և ռազմաբազային նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռազինսկիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պն մամուլի ծառայությունից:
Սեյրան Օհանյանը իր խոսքում նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտական պատրաստության գործում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ ևս կշարունակվի սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը և պատրաստակամություն է հայտնել’ աջակցել այդ գործում.
«Խիստ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Նախարարի պաշտոնակատարին ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, դրան զուգահեռ այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար:
Ս.Օհանյանը կարևորել է նաև ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ռուս գնդապետները հայտնել են նաև, որ 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում