Ստյոպա Սաֆարյանը չգիտի, թե ով է Րաֆֆի Հովհանիսյանին Մոսկվա հրավիրել
Նմանատիպ
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր Մոսկվա կատարած այցին ասաց, թե չի կարող ասել՝ արդյոք այդ հրավերը ՌԴ նախագահի նստավայրից է, թե այլ քաղաքական շրջանակներից:
Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին այցելություններն այդ թվում նաևայսօրվա այցը Մոսկվա, ուղղակի ապացույցն են նրա, որ արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, երբ կա երկու իշխանություն՝ ինքնահռչակ և օրինական ձևավորված:
«Եվ հետևաբար, դրանում որևէ տարօրինակ բան չկա, բացատրությունը շատ պարզ է, և Հայաստանում առկա է նոր իրողություն, որի մասին խոսում էինք մինչև ապրիլի 9–ը: Այն, որ ռեժիմը նախընտրեց գնալ մի ճանապարհով, ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»։
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ավելին՝ արտաքին միջավայրը հաշվի է նստելու այդ երկատված իրավիճակի հետ և ավելացրեց. «Մի իրավիճակ, որից ամեն կերպ խուսափում էր Րաֆֆի Հովհաննիսյանը և արեց ամեն ինչ՝ դա թույլ չտալու համար, և իշխանությունն էր, որ իր կարծր գծով ու անզիջում էությամբ ուղղակի չարեց ոչինչ՝ իրեն ուղղված ձեռքը բռնելու և Հայաստանի ապագան միասնական դարձնելու համար: Հետևաբար, Րաֆֆի հովհաննիսյանն ընդամենը ընդունել է իրեն ուղղված հրավերը»,– ասաց «Ժառանգության» քաղաքական քարտուղարը:
Ի պատասխան հարցի, թե հրավերը մե՞կ օրով է, թե ավել, Ստյոպա Սաֆարյանն ասաց.«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը ամսի 12-ին հանրահավաք է հրավիրում, ապա դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անելու է ամեն ինչ՝ այդ հանրահավաքին ներկա լինելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում