Հայաստան-Արցախ-Սփյուռք անբաժանելի երրորդությունն ամուր կամրջելը ՌԱԿ-ի առաջիկա կարեւորագույն առաքելությունն է
Նմանատիպ
Հայ ժողովրդին դիմագրաված ժամանակակից խնդիրներին վերաբերող թեմաներով համահայկական համաժողովները շատ էական են եւ ավելի քան կենսական՝ ժողովրդի համար թե քաղաքական, թե ընկերական եւ թե ռազմավարական իմաստով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար Սեւակ Հակոբյանը:
«Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առաջնահերթությունները բազմաթիվ էին, որոնք վերաբերում էին Հայաստանի հզորացմանն ու Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությանն ու փոխլրացմանը: Մեր ներկայացուցչական կազմով պատիվ ունեցանք լինել հայրենիքում: Մասնակցեցինք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համագումարին, ինչպես նաեւ այդ շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների: Հայրենիքի մեջ համախմբումը նաեւ առիթ էր աշխատանքներ տանելու կուսակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հայ երիտասարդ սերնդի համար արդիականացող եւ արագ քայլերով առաջ ընթացող հայրենիքն ազգային ներշնչման աղբյուր է: Մենք այս տեսլականով մոտեցանք համաժողովին»,-նշեց Սեւակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ համաժողովի սոսկ գումարման փաստն ինքնին արդեն իսկ գոհացրել է նրանց՝ նկատի ունենալով Հայաստան-Արցախ-Սփյուռք երրորդության ամրապնդման հարցի շուրջ ղեկավարության բաղկացուցիչ ուժերի համախմբումն ու երկխոսության առիթը:
«Հայաստանի ու Արցախի մեջ առկա տարածաշրջանային մարտահրավերները եւ Սփյուռքի մեջ հայապահպանության հարցերը կարեւոր հիմնախնդիրներ են: Ռամկավար ազատական կուսակցության սրբազան պարտականությունն է՝ ինչը, որ իր գոյությունն է հիմնավորում ու արդարացնում, Հայաստան-Արցախ-Սփյուռք անբաժանելի երրորդությունն իրար ամուր կամրջելն է: Դա կարեւոր գործելադաշտ է եղել ամբողջ 96 տարի եւ պիտի լինի ՌԱԿ-ի կարեւորագույն առաքելությունը առաջիկա տարիներին»,-եզրափակեց կուսակցության կենտրոնական վարչության քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում