Իրականացվել են վերլուծություններ. Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում 4 մլն բնակչություն ունենալը
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը: Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարարն ընդգծեց, որ իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ:
Հարցին՝ արդյոք իրատեսական է այդ թիվը՝ հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, Արտեմ Ասատրյանը նշեց, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է: «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով, կառավարության բոլոր քայլերն ու ծրագրերը միտված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելմանը:
«Կարծում եմ, որ բոլորս պետք է այդ պայմանների ստեղծումն ապահովենք, առաջին հերթին՝ կառավարությունը: Այդ առումով, պակաս կարևոր չեմ համարում ձեր կողմից համապատասխան նախադրյալների մասին առավել առարկայական քննարկումներ ունենալը: Կարծում եմ, որ դա մեր բոլորիս նպատակն է ու համատեղ կատարելիք աշխատանքի արդյունք պետք է լինի»,– դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ասաց Արտեմ Ասատրյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության գործունեության ծրագիրը Ազգային ժողովում քննարկելիս հայտարարել էր. «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում