10 ուժեղագույն ընտրանի, որոնց գուցե չտեսնենք Աշխարհի առաջնությունում
Նմանատիպ
Մի՞թե հնարավոր է Աշխարհի առաջնությունը պատկերացնել առանց Արգենտինայի, Իտալիայի կամ Հոլանդիայի: Պարզվում է՝ հնարավոր է։ Մունդիալ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղերից առաջ մի շարք հեղինակավոր հավաքականներ վտանգի տակ են։
Հոլանդիա
Մունդիալ-2014-ի բրոնզե մեդալակիրները բաց թողեցին 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը, իսկ հիմա հարցականի տակ է նրանց մասնակցությունը Ռուսաստանում կայանալիք առաջնությանը: Երբեմնի ուժեղ հավաքականը չի կարողանում դուրս գալ ճգնաժամից: Երկու տարի տևած ընտրական փուլի 8-րդ տուրից հետո Հոլանդիան A խմբի երրորդ հորիզոնականում է: Մունդիալ-2018-ի մասնակցության ուղիղ իրավունք ստանալու են խմբի առաջատարները, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնված 9 թիմերից 8-ը մասնակցելու են անցումային խաղերի: Դիկ Ադվոկատի թիմն անցումային խաղերին մասնակցելու համար պետք է հաղթի Բելառուսի և Շվեդիայի հետ խաղերում։ Ինչ խոսք՝ այնքան էլ հեշտ առաջադրանք չէ։
Պորտուգալիա
Եվրոպայի գործող չեմպիոնն ընտրական փուլի 8 խաղերից 7-ում հաղթել է, բայց առաջին տուրի Շվեյցարիայի դեմ խաղում կրած պարտությունը կարող է ճակատագրական լինել: Ի դեպ, այդ խաղում բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն: Կայուն շվեյցարացիները 3 միավորով առաջ են պորտուգալացիներից: Կասկած չկա, որ Ֆերնանդու Սանտուշի թիմը Անդորրային կհաղթի առաջիկա խաղում, բայց Պորտուգալիա-Շվեյցարիա խաղն է որոշիչը: Պորտուգալիայի համար վատագույն սցենարն անցումային խաղը կլինի:
Ուելս
Ուելսի հավաքականը 2016 թվականի Եվրոպայի առաջնության բացահայտումներից էր: Մեկ տարի առաջ նրանք գերեցին ֆուտբոլասերներին, իսկ Մունդիալի ընտրական փուլի 8-րդ տուրից հետո D խմբում երկրորդն են՝ Սերբիայի, Իռլանդիայի ու Ավստրիայի հարևանությամբ: Գարեթ Բեյլն ու թիմակիցներն առաջատար սերբերին զիջում են 4 միավորով: Ուելսի խնդիրն այն է, որ Բոսնիայի պես քիչ միավոր ունեն անցումային խաղերին մասնակցելու համար: Ուստի հաղթանակ է պետք Վրաստանի ու Իռլանդիայի դեմ առաջիկա խաղերում:
Իտալիա
Իտալացիների բախտը չի բերել, քանի որ միևնույն խմբում են իսպանացիների՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վերադարձնել ցանկացողների հետ: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 0:3 հաշվով կրած պարտությունը վերջ դրեց Իտալիայի՝ Մունդիալ 2018-ին առանց անցումային խաղերի մասնակցելու ցանկությանը: Այժմ նրանք պետք է ձգտեն խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել ու սպասեն անցումային խաղերի վիճակահանությանը: Հասկանալի է, որ պորտուգալացիների պես նրանք գրեթե ցանկացած մրցակցի դեպքում ֆավորիտ են, բայց ֆուտբոլում ինչ ասես, որ չի պատահում:
Իսլանդիա
Այո, Իսլանդիա։ Եվրոպայի առաջնությունում իսլանդացիներն այնպես փայլեցին, որ ամբողջ աշխարհը սկսեց սիրել նրանց: Ոչ-ոքի Պորտուգալիայի հետ, հաղթանակ Անգլիայի դեմ 1/8 եզրափակչում.․․ Երկար կհիշենք այդ խաղերը:
Հիանալի է, որ Եվրոպայի առաջնությունից հետո իսլանդական կրակը չմարեց: Նրանք հիանալի են հանդես գալիս Մունդիալ-2018-ի նախընտրական փուլում: Այժմ Իսլանդիան Խորվաթիայի հետ կիսում է I խմբի առաջին հորիզոնականը, երկու միավորով առաջ է Թուրքիայից և Ուկրաինայից:
Չիլի
Ամենայն հավանականությամբ, առաջիկա Մունդիալին Հարավային Ամերիկան 5 հավաքականով կներկայանա: Խմբային փուլի արդյունքներով լավագույն քառյակը ապահովում է մասնակցությունը, իսկ 5-րդ թիմն անցումային խաղում մրցելու է Նոր Զելանդիայի հետ: Չիլին անսպասելի պարտվեց Բոլիվիային և ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ 6-րդն է: Առջևում արտագնա հանդիպում կա Բրազիլիայի հետ։ Չնայած բրազիլացիներն իրենց խնդիրը լուծել են՝ հերթական անգամ փայլելու առիթը կփորձեն բաց չթողնել։
Արգենտինա
Արգենտինայի հավաքականը ևս շահավետ դիրքում չէ: Առանց Մեսսիի ու Ռոնալդուի Աշխարհի առաջնությունը սարսափ երազի նման կլինի, բայց այսօր իրականությունն այսպիսին է. նրանք երկուսն էլ Ռուսաստանի ուղեգիր դեռ չունեն: Մունդիալ-2014-ի եզրափակչի մասնակիցները Վենեսուելայի հետ ոչ-ոքի խաղացին (1:1) ու դրանով ավելի բարդացրին իրավիճակը: Արգենտինան 5-րդ հորիզոնականում է, թիկունքում էլ վտանգավոր Չիլին է: Եթե արգենտինացիները չհաղթեն Պերուին, ամենայն հավանականությամբ, դուրս կմնան հնգյակից:
ԱՄՆ
1990-ականներից հետո Աշխարհի առաջնությունն առանց ԱՄՆ-ի չի անցել: Թվում էր, թե ԱՄՆ-ն այս անգամ էլ դժվարությունների չի հանդիպի, չէ՞ որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն 3 թիմերը միանգամից են հայտնվում եզրափակիչ փուլում, իսկ չորրորդը հնարավորություն է ստանում մասնակցելու անցումային խաղի (Ասիա/Օվկիանան ներկայացնող հավաքականի հետ): Սակայն հիմա բացառված չէ, որ ԱՄՆ-ն չմասնակցի առաջնությանը, և Ռուսաստան ուղևորվի Ավստրալիայի ընտրանին։
Հավելյալ՝ Չեխիա և Կամերուն
Չի կարելի աչքաթող անել այն երկու հավաքականներին, որոնք իրականում արդեն զրկվել են հնարավորությունից: Ռուսաստանում չենք տեսնի Չեխիային ու Կամերունին: Չեխերը նախընտրական փուլի 8 խաղում ընդամենը 10 միավոր հավաքեցին և իրենցից առաջ թողեցին անգամ Ադրբեջանին․․․ Չեխիան դեռ երրորդ տեղի համար խաղ ունի Բաքվում: Խմբի առաջատար Գերմանիան (24 միավոր) և Հյուսիսային Իռլանդիան (19) չափազանց առաջ են անգամ երազներում հասանելի դառնալու համար։
Կոնֆեդերացիաների գավաթի մասնակից, Աֆրիկայի գավաթակիր Կամերունը տեսականորեն կորցրել է Մունդիալին մասնակցելու հնարավորությունը: Նախընտրական փուլի վճռորոշ պահին աֆրիկական լավագույն հավաքականները բաժանվեցին 5 խմբի, իսկ Մունդիալի ուղեգիր տրվելու է միայն հաղթողներին: Կամերունը չհայտնվեց Նիգերիայի, Զամբիայի, Ալժիրի քառյակում, երեք անգամ ոչ-ոքի խաղաց, Նիգերիային պարտվեց արտագնա խաղում: Ինչ խոսք՝ այս «առյուծներն» իրականում սարսափելի չեն․․․
Հետևեք մեզ նաև Telegram-ում