Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում տոնել են Հայաստանի անկախության 26-ամյակը

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունը սեպտեմբերի 29-ին կազմակերպել էր պաշտոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, Զինված ուժերի 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Երեկոն հյուրընկալել էր Եվրոպայի ամենահին դիվանագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, կենտրոնական ու տարածքային գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, հասարակական և մշակութային գործիչներ, ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի տնօրեն Էմիլ Բրիքսը, ով, ողջունելով ներկաներին, պատմեց իր ղեկավարած կառույցի կողմից ՀՀ դիվանագետներ ու հանրային ծառայողներ պատրաստելու ուղղությամբ վերջին երկու տանսամյակում իրականացրած գործունեության մասին:

Ելույթով հանդես եկավ նաև Ավստրիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Բերնադետ Գիրլինգերը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու իր համանախագահությամբ Ավստրիա-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի կողմից այդ կապերն ընդլայնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Ավստրիայի Զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը ներկայացրեց իր գործակալության հովանու ներքո Հայաստանի գյուղատնտեսական համայնքների զարգացման ուղղությամբ իրականացվող նախագծերը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը վստահելի գործընկերության համար:

Ավստրիայի արտաքին գերատեսչության Արևելյան Եվրոպայի բյուրոյի ղեկավար Կատարինա Վիզերն անդրադարձավ 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ ու բազմակողմ հարթություններում համագործակցության հարուստ փորձին:

Ավստրիայի պետական «ORF» հեռուստաընկերության «Ö-1» ռադիոալիքի խմբագիր Իռենե Սուխին ներկայացրեց ալիքի կողմից վերջերս իրականացրած «Nebenan» («Հարևանությամբ») ծրագիրը, որի շրջանակներում պատրաստվել էր Հայաստանի մասին պատմող 40-ից ավելի հաղորդում:

Պաշտոնական արարողությունը եզրափակեց Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ով շնորհավորեց ներկաներին եռատոնի առթիվ և ներկայացրեց անկախությունը ձեռք բերելուց ի վեր Հայաստանի կողմից գրանցած հաջողությունները, տնտեսական աճն ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության գործնական քայլերը, երկրում տեղի ունեցող կարևորագույն քաղաքական ու հասարակական գործընթացները:

Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությունը և խաղաղ ապրելու և արարելու իրավունքն ապահովող և երաշխավորող ամենակարևոր դերակատարի՝ ՀՀ զինված ուժերի ամրապնդմանը, Հայաստանի բանակում իրականացվող դրական գործընթացներին: Ապա ՀՀ դեսպանը խոսեց հայ և ավստրիացի ժողովուրդները միմիանց խարսխող բազմաթիվ պատմական առնչությունների մասին՝ Հաբսբուրգյան դինաստիայի կողմից հայ մխիթարյանականներին ապաստան տալուց մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Ավստրիայի միջև այդ կապերի բազմազանեցումը և ինստիտուցինալացումը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը, ավստրիացի ժողովրդին Սպիտակի երկրաշարժի, Հայաստանի անկախության առաջին տարիների տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ հայ ժողովրդին ցուցաբերած անշահախնդիր աջակցության, այսօր երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության համար:

Երեկոյի ընթացքում հնչեցին հայ և ավստրիացի կոմպոզիտորների գործեր՝ Նարե Արղամանյանի (դաշնամուր) և Ստելլա Գրիգորյանի (վոկալ) կատարմամբ, որից հետո դեսպանության անունից տեղի ունեցավ ընդունելություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում