Պետություններն այսօր նախընտրում են նվազագույն ռազմական միջամտություններով լուծել աշխարհաքաղաքական խնդիրները
Նմանատիպ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ եթե ավանդական ռազմական գործողությունները չեն կարող իրականացվել առանց հիբրիդային միջոցների ներազդման, ապա հիբրիդային ճանապարհով հակառակորդին կամք պարտադրելու հնարավորությունն այսօր դարձել է դոմինանտ:
«Ժամանակակից աշխարհում պետություններն ավելի շատ նախապատվությունը տալիս են հակառակորդին հիբրիդային ազդեցության եղանակներով գործողություններ պարտադրելու, նվազագույն ռազմական միջամտություններով իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու մարտավարությանը: Հիբրիդային պատերազմների բաղադրիչներն են քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն և հոգեբանական կոմպոնենտները, որոնք օգտագործվում են պետությունների կողմից: Ընդ որում, էական է այն հանգամանքը, որ պատերազմի հիբրիդային մեթոդները անհամեմատ ավելի արդյունավետ են ասիմետրիկ պատերազմների պայմաններում, այսինքն՝ երբ կողմերի ռազմական կարողությունները հավասար չեն»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նա անդրադարձավ սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացած «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումներին եւ նշեց, որ հնչել են մի շարք հետաքրքիր առաջարկներ:
«Եղան բավական լուրջ քննարկումներ և վերլուծություններ: Հյուրերը հաճելիորեն զարմացած էին հայ փորձագետների պատրաստվածությունից և մակարդակից: Լսեցինք բավական լուրջ զեկույցներ ռուսական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների կողմից»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ քննարկումների շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ առկա լինեն հայեցակարգային ընդունելի մոտեցումներ, որոնք դեռեւս չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում