Արմեն Աշոտյանը կոչ արեց Փաշինյանին չշտապել գնահատականներում
Նմանատիպ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից իր վրա հարձակվելու մասին բարձրաձայնեց նաև խորհրդարանի դահլիճում: «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան կից հայտարարությամբ վավերացնելու մասին» օրենքից նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթագրվեց հարակից զեկուցող, ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարց տալու համար: «Ինչպես նշել եմ մոտ մեկ ժամ առաջ Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է ինձ վրա: Հետաքրքիրն այն է, որ նա հիմա մամուլին հերքում է: Ես հիմա հայտարարում եմ, որ եղել են վկաներ, և՛պատգամավորներ, և՛ Ազգային ժողովի աշխատակիցներ, և՛ անվտանգության աշխատակիցներ: Ասածս հետևյալն է, որ մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀԿ խմբակցությունից: Մենք մինչև վերջ հետամուտ ենք լինելու, որպեսզի հետևություններ անենք մեր այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,-հայտարարեց Փաշինյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ևս ընդգծեց, որ մտահոգված են ցավալի միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ բոլորի պարտքն է, որպեսզի դրա հետ կապված լինեն պարզաբանումներ և գնահատականներ: «Խորհրդարանում պետք է պառլամենտարիզմի ոգուն հարիր գործընթացներ գնան»,- ասաց Մելքումյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով ամբիոնի մոտ հանդես էր գալիս հարակից զեկուցմամբ, նշեց, որ միջադեպից տեղյակ չէ, սակայն շեշտեց, որ բոլոր դեպքերում քաղաքական մշակույթի մեջ դատապարտելի են միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձերը: Թե իրականում ինչ է եղել, կարծում եմ, որ ժամանակ կլինի և թե դուք, թե պարոն Գեղամյանը, թե ձեր խմբակցությունը և թե մեր խմբակցությունն այդ հարցին կանդրադառնան»,- ասաց Աշոտյանը:
Նա «Ելք» խմբակցության պատգամավորներին կոչ արեց չշտապել գնահատականներ տալու հարցում: «Եկեք չշտապենք, հարգելի գործընկերներ: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ խորամուխ կլինենք, կհասկանանք, թե ինչ է կատարվել: Դուք քաղաքական գնահատականներ եք տալիս մի մարդու մոտ, ով տեղյակ չէ, թե ինչ է կատարվել: Չեմ կասկածում ձեր խոսքերի վրա, բայց պարտավոր եմ լսել նաև պարոն Գեղամյանին: Եկեք չշտապենք»,- նշեց պատգամավորը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ տեղի ունեցածն արտառոց է՝ հայտելով, որ իրենք որոշման նախագիծ են ներկայացնելու, որպեսզի հարցը քննարկվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում: «Մենք կխուսափենք կանխակալ գնահատականներ տալուց, որպեսզի խնդիրը քննարկվի, և հանձնաժողովը եզրակացություն տա»,- ասաց Զեյնալյանը:
Արմեն Աշոտյանը իր հերթին նշեց, որ ինքն էլ հենց դրա մասին էր խոսում, որ կա էթիկայի հանձնաժողով, որտեղ կարելի է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Անգամ եթե միջադեպը եղել է, այն արտառոց է բոլորիս համար և բնորոշ չէ այս խորհրդարանին»,- եզրափակեց Աշոտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում