IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
Նմանատիպ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի», – ասել են IDeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:
«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
Էդգար Մանուկյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։
«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի և UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:
Րաֆֆի Պաղճեանի կենսագրությունը
Րաֆֆին 35 տարվա աշխատանքային փորձ ունի Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։
Նա ծնվել է 1956 թ. Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:
Կարիերան սկսելով Shell-ի Հաագայի գրասենյակում՝ Րաֆֆին 1984թ. տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ North West Shelf նախագծում աշխատում է որպես նախագծող ինժեներ: 1987թ. Րաֆֆին տեղափոխվում է Shell-ի կոմերցիոն բաժին՝ բիզնես վերլուծաբան աշխատելով Լոնդոնում՝ Shell International Gas ընկերությունում:
1989թ. Րաֆֆին տեղափոխվում է Տոկիո՝ ղեկավարելու Բրունեյի նավթագազային նախագիծը:
1992թ. Րաֆֆին տեղափոխվում է Մուսքաթ՝ ստանձնելու Օմանում Shell-ի կորպորատիվ գործերի կառավարչի պաշտոնը:
Այնուհետև Րաֆֆին տեղափոխվում է Լոնդոն՝ հետևելու ընկերության գործունեությանը Լատինական Ամերիկայում ու դառնալով Վենեսուելայում Mariscal Sucre նախագծի ղեկավարը:
2004թ. Րաֆֆին հաստատվում է Դուբայում՝ աշխատելով որպես Միջին Արևելքում Shell-ի տեխնիկական թևի՝ Shell Global Solutions International-ի գլխավոր տնօրեն:
2007թ. Րաֆֆին տեղափոխվում է Դոհա՝ որպես տեխնիկական ծառայությունների և բիզնես հարաբերությունների գծով փոխնախագահ, ինչպես նաև նշանակվում է Կատարի Shell-ի գործադիր տնօրեն: Րաֆֆին ղեկավարել է Shell-ի տեխնիկական աջակցության ծառայությունը՝ վերահսկելով Qatar Shell Research & Technology Centre-ի գործունեությունն ու Կատարի Shell-ի համար իրականացնելով կառավարության և բիզնես շրջանակների հետ հաղորդակցության ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:
2012թ. Րաֆֆին դառնում է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝ նշանակվում Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։
2017թ. փետրվարին Րաֆֆին նշանակվում է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:
Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում