ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում
Նմանատիպ
Universal Studio-ում աշխատած Մարո Փարյանը գաղտնիքներ է բացում կինոյի եւ թատրոնի ինստիտուտի սաների համար
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում հիմնադրվել է լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոն, որն ապահովում է ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների համար մասնագիտական լրացուցիչ վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ, եւ կատարելագործում է նրանց հմտությունները, կարողությունները եւ ունակությունները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը՝ արդեն ունեցել են վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ:
«Դասախոսների հետ դասընթացներն ուղղված են եղել ուղղակիորեն իրենց ուսումնաճանաչողական գիտակության (կոմպետենցիաների) զարգացմանը, մասնագիտական վերապատրաստումների դասընթացները անցկացվել են երկու ամիս շարունակ, արդեն երկրորդ փուլն ավարտվել է, եւ անցել ենք ուսանողներին, որոնք անցնելու են մասնագիտական դասընթացների շարք` գրիմ, հագուստի մոդելավորում եւ ռեկվիզիտների պատրաստում: Այդ երեք տարբեր առարկաները համալրումն են ինստիտուտի ընդհանուր կրթակարգի:
Այդպիսով հնարավորություն է ընձեռվում ուսանողներին գործնականորեն մասնակցելու դասընթացներին ու ձեռք բերել համապատասխան հմտությունները»,-ասաց կենտրոնի համակարգողը:
Վարուժան Ավանեսյանը հավելեց, որ դասընթացներն անցկացնում է ամերիկաբնակ մեր հայրենակից Մարո Փարյանը, որը 80-ականներին ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը: Նա հայտնի դերասանուհի Թագուհի Հակոբյանի դուստրն է: Մարո Փարյանը ավարտել է նաեւ Լոս Անջելեսի համալսարանը, ստանալով համապատասխան կրթություն եւ շուրջ 25 տարի աշխատել է Universal Studio-ում:
«Կինոյում եւ թատրոնում կիրառվող ամերիկյան փորձին, նոր տեխնոլոգիաներին Մարոն ծանոթացնում է մեր ինստիտուտի ուսանողներին: Մարոյի հետ մեր հանդիպումներից հետո ձեռնամուխ եղանք, որ ներդնենք այս դասընթացը մեր ինստիտուտում:
Մասնավորապես անցյալ տարի ներդրեցինք հագուստի մոդելավորում եւ գրիմ դասընթացները, վերջում գրանցելով ֆանտաստիկ արդյունք: Մարոյի եւ նրա ընտանիքի աջակցությամբ լաբորատորիան վերազինվեց, ուսանողները ստացան կրթություն:
Համագործակցությունն այնքան արդյունավետ էր, որ մենք շարունակեցինք երկրորդ փուլը` ավելացավ եւս մեկ դասընթաց, ռեկվիզիտների պատրաստումը… Արդեն ունենք շուրջ 40 ուսանող, որոնք դասերից հետո մասնակցում են գործնական եւ տեսական աշխատանքներին»,-հավելեց մեր զրուցակիցը:
Վարուժան Ավանեսյանը հայտնեց, որ նոյեմբերի 30-ին կունենան շոու, որը յուրատեսակ հաշվետվություն կլինի, այսինքն՝ ուսանողները կցուցադրեն իրենց ստացած գիտելիքները: «Անցյալ շաբաթ ես մոնիտորինգային այցով լաբորատորիայում էի, եւ հենց ինձ վրա սկսեցին աշխատել, մեծացնելով տարիքս, փորձարկելով գրիմի նրբությունները:
Խոսեցինք նաեւ օգտագործվող նյութերից եւ այն ամենից, ինչ պատրաստում են ուսանողները՝ Մարոյից փոխանցված գիտելիքների շնորհիվ»,- նշեց պարոն Ավանեսյանը:
«Տեսական ուսուցումը շատ կարեւոր է, բայց միայն տեսականով չենք կարող սահմանափակվել, պետք է տեխնիկա սովորել, հասկանալ ամենայն մանրամասնությամբ դեկորի, ռեկվիզիտի, հագուստի պատրաստումը` ինչպես բեմական, այնպես էլ ֆիլմի:
Իհարկե, գրիմն էլ շատ կարեւոր է: Ժամանակին մենք չտեսնված դիմահարդարներ ենք ունեցել եւ «Հայֆիլմում», եւ թատրոնում, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով այդ մասնագետները պակասել են, իսկ ուսանողներին պետք է հմտություններ սովորեցնել, փոխանցել կիրառական էլեմենտը` բեմի, ֆիլմի, ամեն ինչ անմիջական պատրաստելով իրենց իսկ ձեռքերով, ինչի համար անհրաժեշտ էին նյութեր, գործիքներ, որոնց սղություն կար: Ես որոշեցի, որ դրանք պետք է բերվեն ԱՄՆ-ից, սակայն երկու տարիների ընթացքում հասկացա, որ բավական նյութեր Հայաստանում էլ գոյություն ունեն, եւ կարող ենք մի նյութը մյուսով փոխարինել կամ ինչպես անել, որ ձեռքի տակ եղած նյութերով մոտ արդյունք ստանանք: Օրինակ, փոխանակ մեծ գումար վճարելու եւ արյուն առնելու հատուկ էֆեկտների համար, մենք պատրաստեցինք արյուն խոհարարական նյութերով, որոնք ոչ մի վնաս չեն պատճառում մաշկին: Իմ բերած նյութերի պես այլ նյութեր էլ կարող ենք ստանալ Հայաստանում: Դիմակներ ունենք, որոնք երեխաներն են պատրաստել»,- նշեց Մարո Փարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում