«Անմահության մարտիկները»

«Անմահության մարտիկները»

Նոյեմբերի 24-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Աննա Կոստանյանն է:

Ցուցահանդես, որը ներկայացված է դիմանկարների տեսքով, որոնց նայելիս կարող ես կարդալ մի ամբողջ ժողովրդի պատմություն: Այն կրում է «Անմահության մարտիկները» խորագիրը: Մարտիկներ, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:

Մարտիկներ, որոնք թողնելով իրենց կանանց ու երեխաներին, գնացին պատվի ետևից և հայ տղամարդուն վայել դրսևորեցին իրենց մարտի դաշտում: Խոնարհվում ենք մեր հայ մայրերի առաջ, քանի որ նրանք միայն կարող են ծնել այնպիսի դյուցազուններ, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, մեր կենդանի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը և բազում-բազում այլ հերոսներ, որոնք իրենց հայրենիքի պատիվը բարձր դասեցին սեփական կյանքից:

Մենք բոլորս հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր մատաղ սերունդը շարունակեց իրենց ավագ եղբայրների գործը ապրիլյան քառօրյա պատերազմում անսասան պահելով մեր դիրքերը: Տղաներ, որոնք հերոսացան 18 տարեկան հասակում և, որոնց անունները դաջվեց մեր սրտերում ու իհարկե Հայոց պատմության էջերում: Նրանք իրենց երիտասարդ տարիքում այնպիսի պատմություն կերտեցին, ինչպիսին շատ ու շատ ազգեր չեն կերտում դարերի ընթացքում: Միջոցառումը հայրենասիրական երգերով եզրափակեցին Ջազ քոլեջի երիտասարդ ուսանողները: Միջոցառման ավարտին թանգարանի տնօրինությանը հանձնվեց հավաստագիր ցուցահանդեսին աջակցելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում