«Շոպենիանա» բալետը վերադարձել է

«Շոպենիանա» բալետը վերադարձել է

«Շոպենիանա» բալետը կրկին Օպերային թատրոնի բեմին է. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ներկայացման վերականգնված պրեմիերան՝ Մ. Ֆոկինի բեմադրությամբ:

Ներկայացումից առաջ թատրոնում կազմակերպվեց ճանաչողական շրջայց և հանդիպում թատրոնի փորձավարների հետ: Նրանք պատմեցին ներկայացման մասին, պատասխանեցին ներկաների հարցերին: Նմանատիպ երկխոսությունը նպատակ ունի ապահովելու հանդիսատեսի և ստեղծագործական անձնակազմի հետ անմիջական շփումը:

«3-4 տարի առաջ «Շոպենիանա»-ն վերականգնել էինք: Այն ներկայացվեց մի քանի անգամ, հետո դուրս եկավ խաղացանկից: Հույս ունենք, որ այս անգամ երկար ժամանակ կմնա բեմին»,- նշեց Էլվիրա Մնացականյանը:

Փորձավարները կարևորեցին դասական ստեղծագործությունների դերը հատկապես երիտասարդ արվեստագետների կայացման գործում: ««Շոպենիանա»-ն այն ներկայացումն է, որից կարելի է շատ բան սովորել: Սա դասական բալետի հիմքն է:

Բնականաբար, այն պետք է լինի բոլոր թատրոնների խաղացանկում: Այս ներկայացումը շատ է օգնում հետագայում»,- ասաց Էմմա Նահապետյանը: Գլխավոր դերերում հանդես եկան Մերի Հովհաննիսյանը, Միլիտոն Կիրակոսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Արշալույս Մարգարյանը։Դիրիժորը Հարություն Արզումանյանն է:

«Շոպենիանան» Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված բալետային սյուիտ է: Մեկ գործողությամբ բալետային ներկայացումն առաջին անգամ ներկայացվել է 110 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում:

Ստեղծագործությունը չունի հստակ և զարգացող սյուժե. ամեն ինչ տրամաբանորեն ենթարկված է երաժշտական մտքին և իմաստին: Ներկայացումը մեծ նշանակություն ունի համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ: Այն հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործելու դասական երաժշտական ստեղծագործություններ, որոնք պարի միջոցով արտահայտվելու համար չէին ստեղծվել: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև «Կարմեն-Սյուիտ» և «Լորկիանա» բալետային ներկայացումները:

Թամարա ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում