Գյուլնազ տատի հեքիաթները
24/11/2017 15:15
Նմանատիպ
Մի անաամ Գյուլնազ տատին շրջապատեցին իր թոռները և ստիպեցին, որ տատը թռչնիկներ շինի նրանց:
Տատն էլ վեր առավ փոքրիկներից մեկին, դրավ ծնկան վրա, երկու ձեռքից բռնեց և վեր ու վայր թափ տալով երգեց.
Ղո՛ւ-ղո՛ւ-ղո՛ւ, ա-ղո՛ւ-ղո՛ւ,
Նա՛կ, նա՛կ, ա-ղու-նա՛կ, թը՛ռռ…
Հետո մի ուրիշն ընկավ տատիկի գիրկը և ասաց.
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի կաչաղակ շինե՛ս…
տատիկը նրան էլ դրավ ծնկներին և առաջվա պես երգեց.
Չա՛-չա՛-չա՛, կա-չա-չա՛,
Ղա՛կ, ղա՛կ, կա-չա-ղա՛կ, թը՛ռռ…
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի ծիտիկ շինե՛ս,- ասաց ամենից փոքրը:
Տատիկը նրան էլ վեր առավ և վեր ու վայր թռցնելով` երգեց.
Ծիտ եմ, ծիտ եմ, ծլվլում եմ,
Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:
Ոստոստում եմ, թռչկոտում եմ,
Տի՛վ, տի՛վ, տի՛վ:
Արի, թևիկ. արի, փետրիկ,
Որ ես դառնամ փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ, պիծիկ-միծիկ, թը՛ռռ…
Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում