Սիրավեպ
27/11/2017 14:26
Նմանատիպ
Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը,
Եվ խիստ ազնիվ դարձվածով
Պատմում էր. ի՞նչ է սերը:
Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
Որպես կայծ մի էլեկտրյան:
Սերն է աղբյուր քաղցրության,
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն – վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս:
Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
Բայց առավել զմայլիչ
Երբ լեզվով է հարազատ:
Սիրի՛ր, որքան կարող ես,
Որքան փայլում է արև
Կյանքից օրերն նետի պես
Թռչում են արագաթև:
Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարվի, – և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող:
Իմ սիրելի, զգու՛յշ կաց,
Որ լեզուդ, չար չխոսե.
Պատճառ, ոչինչ դեռ չասած
Ընկերդ արտասվում է:
Սմբատ ՇԱՀԱԶԻԶ
Հետևեք մեզ նաև Telegram-ում