Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԼԿՀ ներկայացուցիչներին
Նմանատիպ
Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի (Լիբանան) նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին և համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին` ուղեկցությամբ տիկ. Միրեյ Խանամիրյանի: Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրին համալսարանի կրթական ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` համագործակցություն հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Համալսարանի նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրեց Լիբանանի հայ համայնքի հետ համալսարանի ունեցած սերտ կապերի մասին, որի արդյունքում հայ ուսանողների թիվը կազմում է համալսարանի ուսանողության տասը տոկոսը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց կրթության մշակներին, հետաքրքրվեց համալսարանի ուսումնական ծրագրերով և միջազգային համագործակցության նախագծերով:
Կարևորելով միջազգային չափանիշներով կրթություն ջամբելու նրանց առաքելությունը` Նորին Սրբությունը համալսարանին արդյունավետ գործակցություն մաղթեց Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ` ընդգծելով, որ համատեղ ծրագրերը կրթական նոր հնարավորություններ կբացեն հայ ուսանողների համար, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում