Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ուղղեց պրն. դեպանին նշանակման առիթով` ցանկանալով արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց հայ-սիրիական պատմական կապերի մասին` ընդգծելով հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը քննարկեցին Սիրիայում տիրող կացությունը, անդրադարձան հակամարտության հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին և պատճառված ավերածություններին: Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայի ժողովրդի, այդ թվում հայ համայնքի կրած տառապանքների ու դժվարությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ:

Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այս առնչությամբ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի և Քույր Եկեղեցիների առաջնորդների հետ և ամեն ջանք ի գործ է դնում` միջեկեղեցական հանդիպումներում և տարբեր այլ հարթակներում միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Մերձավոր Արևելքի խնդիրներին և նպաստելու հակամարտության հանգուցալուծմանը:

Նորին Սրբությունը դեսպանին նաև հայտնեց Հայաստանում հաստատված սիրիահայերին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հոգևոր և նյութական աջակցության մասին:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն հայտնեց դժվարին այս ժամանակաշրջանում Սիրիային ցուցաբերվող զորակցության համար: Դեսպանը առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորեց նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Սիրիայի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի ողջույններն ու բարեմաղթանքները:

Աղոթելով Սիրիայում խաղաղության վերահաստատման համար` Վեհափառ Հայրապետը հայցեց Բարձրյալի հովանին և պաշտպանությունը Սիրիայի բարեսեր ժողովրդին և մաղթեց, որ երկրում սկսված վերականգնողական աշխատանքների արդյունքում ամենքը շուտով կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում