Եղածը` եղած, իսկ մեղավորները դեռ չպատժված

Եղածը` եղած, իսկ մեղավորները դեռ չպատժված

Ես իմ հիշողության փոքրիկ շրջանակում մի տուն էի լղոզել թղթի վրա ու մի գեղեցիկ այգի, որտեղ ամեն ինչ ճիշտ էր ու հրաշք` ինչպես երբեք: Էությունս ափերիս մեջ առած, անընդհատ գնում գալիս էի ու նոր մտքեր հայտնաբերած, փորձում էի մի նոր բան ավելացնել: Մտքիս երևակայության արանքում նոր պատմություն հորինել: Ես` աշխարհից հեռացած, նստել էի գնացքի վագոններից մեկի մեջ Երևան էի գալիս: Հետո էլ կանգնել էի զուգարանի դռան առաջ ու սպասում էի իմ հերթին:

Սիրհարված զույգը ներսից ճանկռոտում է դուռը: Վայրի կանացի աղաղակներն ու սրտաճմլիկ տղամարդկային հևոցը տակնուվրա էին անում բնազդներս: Ես, որպեսզի ավելի չաշխուժանայի, հեռացա տարածքից` շառից, փորձանքից հեռու: Կողքիս նստած հսկամարմին կնոջ որովայնը մրսել էր, ներսից ձայներ էր հանում:

Մի փորձանքից հեռու, երկրորդ փորձանքի մեջ հայտնվելով` նստել էի ու մտովի հաշվում էի նրա ներսում տեղի ունեցող, կռկռացող ձայնարկությունների քանակը: Վերջապես ազատվեց զուգարանը: Սեր խաղացող զույգը, կարմիրի մեջ կորած, գրկախառնված եկավ նստեց իրենց տեղը: Ես, որ ուղեղս հազիվհազ կենտրոնացրել էի որովայնացավով տառապող կնոջ փարթամ կրծքերին, փորձում էի ինձ համար բարձրակարգ տրամադրություն ստեղծել: Մինչև ամեն ինչ իր տեղն էր ընկնում, կինը վեր կացավ, կրծքերն ու հետույքը օդի մեջ ցնցելով` մտավ զուգարան: Կինը արագ հետ եկավ` ուրախացա… աչքերս փայլեց: Սկզբից կիսադուրս եկած կրծքերը ողղեց, հետո շրջազգեստի փեշը թափ տալով, ինձ շատ մոտ նստեց ու սկսեց աչքի տակով գողեգող նայել: Դիմացս նստած ակնոցով տղամարդը շոռում էր կնոջը: Ես պապանձվել էի: Չորսաչքանին ինչ-որ բան ասաց կնոջը, ուշադրություն գրավելու համար: Կինը հետ շրջվեց, հայացքը իմ կողմից հեռացնելով, առանց որևէ բան մտածելու պատասխանեց.

– Գրո՛ղ քեզ, ցա՛վ…
– Ցավը մեջդ:

Տղամարդուն ապշեցրեց կնոջ անակնկալ պահվածքը: Ես իմ գրող լինելուց մի քիչ ազդված` հիշեցի հարևանուհուս երկար-բարակ քիթն ու որոշեցի գրել հենց նրա երկար-բարակ քթի մասին մի պատմություն: Մինչև կորոշեի, թե ինչպես սկսեմ պատմվածքս, գնացքը կանգնեց…

Հայրս ուր որ էր տուն էր հասնելու, իսկ ես մինչև նրա տուն հասնելը, պետք է տանը լինեի: Անցած առավոտ մեր շենքի հարևան շենքում հրդեհ էր. գազի հոտ էր գալիս: Հարևան շենքի, յոթերորդ հարկի, երկար-բարակ քթով աղջնակը, որի անունը տատիս անունն էր` Էմմա, այրվել էր: Իմ բակ մտնելն ու նրա հուղարկավորությունը զուգադիպեց մեր վերջին հանդիպմանն ու մեր առաջին հրաժեշտին: Զարմանալի ձևով ես ու իմ առանձին վերցրած գլուխը, որին ես անչափ շատ եմ հարգում, խոնարհվեց Էմմայի լուռ ու անխոս աչքերի առաջ, որտեղ իմ անկախ սիրո ելևէջը մուտքագրեց իմ մեղքերի անիմանալի մահախոսականը:

Գլուխս կախ շարունակեցի քայլել: Երևանում մոլախոտի պես արագ բազմացող, բազմահարկ կառույցները առաջինը մտան իմ տեսողական համակարգի մեջ: Փորձեցի հավատալ հրաշքներին, որտեղ հավերժություն տանող միակ արահետը, հենց ինքը` հրաշքն է, որ կա… Հավատացի: Ես, իմ փոքրիկ աշխարհը, որտեղ դեռ մանկուց մի փոքրիկ տուն էի շինել ինձ համար, արդեն գոյություն չուներ: Հայրս հասկացավ ինձ, իմ տան անգոյության պատճառը և երկուսով տխրեցինք: Եղածը` եղած է, իսկ մեղավորները` դեռ չպատժված: Հերթական անգամ միայնակ մնացի, իսկ միայնակ մարդու համար ոչ տուն է պետք, ոչ նկուղ… ոչ… ոչ էլ նկարչին` կտավ: Կամ պետք է ինքնասպան լինել, վերջանալ միանգամից կամ միակ լավագույն տարբերակը ստեղծագործելն է: Գրողին կօգնի գրելը… ուրիշ ոչինչ: Ամեն ինչ, այնքան պարզ է, որ նույնիսկ հանդերձյալ աշխարհի հանգստությունը կարող է ոգևորել մարդուն, թեկուզ մի քանի վայրկյան այնտեղ հայտնվելու տենչը: Ու առանց ափսոսելու. հնարավորության կամուրջ կապել իր և բացակայող իրականության միջև: Մինչև ինքս ինձ կորոշեի իմ մենակության աստիճանը, ճամպրուկները ձեռքին, հաստամարմին կինը հայտնվեց աչքերիս առաջ: Հարցրեց, թե ինչպես կարող է Խանջյան փողոցից հասնել Ազատության հրապարակ: Հրապարակում ցույց էր այդ օրը: Ոստիկաններ` իրենց ծանր դեմքի արտահայտությամբ ու ինչ կարգի մարդ ասես կար ուրիշ տեղ որ չէիր հայտնաբերի: Ամեն մեկն իր բախտից էր դժգոհ: Հավաքվել էին ազատության հրապարակում ու պահանջում էին: Ուզում էին, էլի էին ուզում: Ինչ…

Կինը երկար ճանապարհ էր կտրել, Թիֆլիսից եկել հասել էր ցույցին մասնակցելու: Նա էլ պրոբլեմ ուներ ներկա իշխանության հետ: Մենք ժպտացինք իրար ու լուռ համաձայնվեցինք: Անորակ,անհասկանալի աղջիկների դատարկության հետ քայլեցի Երևանի կենտրոնական փողոցներով, որտեղ էլ լափող սափրագլոխները փակեցին քաղցած ախորժակս… Գնում էին ցինիկ պահվացքով ջահելներ, աղջիկներ, որոնք շպարված` կույս էին խաղում, իսկ մյուսները` արդեն ծերացած քյաֆթառ պառավներ: Ինքս ինձանից հիասթափված, ինքս իմ քաղաքից բեզարած խղճացի մորս: Մտածեցի որ այդ ձևականություններից, կույս խաղացող շպարավորվածներից մեկին էլ ես եմ տուն տանելու, ու որ մերս շատ մեղք է… Ուրիշ բան չկա, գրեթե բոլորն այդպիսինն են: Թարմացած ճաշակս չփչացնելու նպատակով նստեցի ու սկսեցի տանը բանտարկված մնալ… դուրս գալ չէի ուզում:

Գրիչը ձեռքս առա ու սկսեցի գրել: Միակ արդարամիտ ճանապարհը գրողի համար արդարությունն ու հարգանքն է, որ չկա, չի երևում մարդու ներսում … վերացել է: Գրելով հասա տասներորդ էջին, ուզում էի շարունակել, երբ տղամարդկային ձեռքը իր ողջ ուժով կպավ դռանս… դուռը թակեցին: Ով կլիներ այդ ժամին, նարդի խաղացող խաղընկերուհիս չկար, իսկ ես ոչ մեկին չէի սպասում, և առավել ևս նոր խաղընկեր գտնելու նպատակ չունեի: Գրելը կիսատ թողնելով` դուռը բացեցի: Միջահասակ մարդը, մտավորականի կեցվածքով, ներողություն խնդրելով հարցրեց, թե տանը դաշնամուր լարող մասնագետի անհրաժեշտություն կա՞:

Ինձ զարմացրեց` մարդու քաղաքավարությունը: Գլուխս ժխտական շարժեցի ու դուռը ներսից փակեցի: Այս անգամ բանալին դռան մեջ մի քանի անգամ լղոզելով` պաշտպանեցի ինձ դաշնամուր լարողներից, դանակ-մկրատ սրող վարպետներից, ու այդպես…

Քրտնած մարմնիցս հոտ էր գալիս: Մտա բաղնիք: Տաք ջուրը կտրել էին: Սառը ջուրն առա ափերիս մեջ ու ողջ մարմինս սառը ջրով սկսեցի լվանալ: Այժմ նստել էի բաղնիքում` ջրի մեջ ու սկսել մանրանկարչությամբ զբաղվել: Հետո հիշեցի, որ պետք է գրել: Բաղնիքից դուրս եկա, ձեռքս առա գրիչն ու շարունակեցի աշխատել նոր վեպիս վրա: Պատուհանս բաց էր` վարագույր չկար: Աչքերս հառել էի երկնքին. երկինքը կապույտ էր… ձայն էր հանում: Իմ լուռ հայացքը հանդիպեց հավերժությանը: Իսկույն արժեվորվեց անհատիս անելիքը, որտեղ լուծարվեց միայնությունս: Իսկ ժամանակը աչք փակեց այս ամբողջ պատմության` անփոխարինելի իրականության վրա, իբր ոչ եկել էր ու ոչ էլ հեռվից նկատել: Իմ տան դիմացի շենքի աղջիկը չկար: Նրան տարել թաղել էին քարքարոտ հողերի մեջ… վերջացել էր: Իմ տեսադաշտը արդեն փչացել էր: Պատուհանիս վրա նկարված աղջկա մերկությունը աչքերիս մեջ էի դրել. նա իմ աչքերի մեջ հանգիստ շնչում էր: Բայց արդեն մի քանի օր միայնակ էի ու հավերժության մեջ` չկայացած… վերջնականապես հեռացա ինքս ինձանից ու հետո շատ արագ փչացա: Պատուհանիս ապակին կոտրվեց, քամին աննկատելիորեն մտավ տան մեջ ու ամեն բան վերջացավ: Աչքերս լռեցին, իսկ քարացած սիրտս ոչինչ չձեռնարկեց նրանց կրկին խոսեցնելու համար: Կորցրել էի քունս ու չէի հասկանում օրվա որ ժամը եկավ, ու որը գնաց:
Այդպես էլ վեպս կիսատ մնաց… միայնությունն ու էությունս վերջացած… Ջահել գրողն արդեն չկար: Փչացել էր: Վաղը նրա թաղումն էր:

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում