Վանական վարդապետի կամ Խորանաշատի դպրոցը
Նմանատիպ
Փառիսոսի գավառի ամենանշանավոր գրչության կենտրոնն էր Խորանաշատի վանքը:
Վանական վարդապետ Տավուշեցին, Մխիթար Գոշից ստանալով վարդապետական գավազան (1207թ.), հայրենի Խորանաշատ է վերադառնում և 1220-ական թվականների սկզբին իշխան Վահրամ Գ Գագեցու հովանավորությամբ հիմնում բարձր տիպի դպրոց՝ վարդապետարան, ինքն էլ դառնում դպրոցի առաջին ուսուցիչը:
Վանական վարդապետը ծնվել է 1181 թ․, Ուտիք նահանգի Տավուշ գյուղաքաղաքում:
Ծննդավայրի անունով երբեմն կոչվել է նաև Տավուշեցի: Եղբոր՝ Պողոս քահանայի մոտ սկզբնական կրթություն ստանալուց հետո նա գալիս է Նոր Գետիկ՝ տեղի բարձրագույն դպրոցում ուսումը կատարելագործելու, աշակերտում Մխիթար Գոշին, որտեղ էլ 1201 թ․ նրա կողմից ձեռնադրվում է քահանա: Վանականը դառնում է Գոշի գաղափարակիցն ու օգնականը, նրա հետ մասնակցում Լոռեի (1204թ․) և Անիի (1207թ.) եկեղեցական ժողովներին:
1240 թ․ Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլայի հրավերով մասնակցում է Գանձասարի օծման արարողությանը: Վանական վարդապետ Տավուշեցին վախճանվում է 1251 թ․: Նա իր կտակի համաձայն թաղվում է Խորանաշատի մոտ գտնվող աղքատների գերեզմանոցում։
Խորանաշատի դպրոցը միջնադարյան Հայաստանի նշանավոր գիտական, մշակութային ու հոգևոր կենտրոններից էր, իսկ նրա ուսուցչապետը՝ ժամանակի հեղինակավոր աստվածաբաններից ու գիտնական վարդապետներից մեկը: Վանականը Խորանաշատում կրթական գործին զուգահեռ վարում էր նաև գրչական ու քարոզչական բեղմնավոր աշխատանքներ: Նա իր սաներին ստույգ և ընտիր օրինակներից արտագրել էր տալիս ձեռագիր մատյաններ, որոնցով հարստացնում էր վանքի մատենադարանը: Այստեղ են գրվել և որպես դասագրքեր օգտագործվել են նաև Վանականի երկերը:
Վարդապետարանի աշակերտների համար աշխարհիկ և հոգևոր առարկաների մասին իմացական շտեմարան էր նրա «Հարցմունք և պատասխանիքը» (Երուսաղեմ, ձեռ․ 587, թերթ 883, ձեռ․ 1288, թերթ 2142), որը պարունակում է բոլոր այն գիտելիքները, որ պարտավոր էին իմանալ նրա սաները ուսման ընթացքում: Օգտվելով Անանիա Շիրակացուց՝ աշակերտներին աստղաբաշխական ու տոմարագիտական գիտելիքներ տալու նպատակով գրում է «Յաղագս տարեմտին» ճառը, որը նախատեսված է եղել Ամանորին եկեղեցիներում կարդալու համար:
Խորանաշատում են գրվել Վանական վարդապետի նաև մյուս երկերը՝ «Բացատրութիւն Աղօթից Ամբակումայ Մարգարէի» (Ճռաքաղ, 1859), «Մեկնութիւն Յոբայ», որը նախորդ մեկնիչներից (Հեսիքսոս, Ստեփանոս Սյունեցի, Դավիթ Քոբայրեցի) արված քաղագրություն է (Երուսաղեմ, ձեռ․ 68, թերթ 252378), «Համեմատութիւն Հնոյ և Նորոյ կտակարանաց» (Երուսաղեմ, ձեռ․ 587, թերթ 13, ձեռ․ 1273, թերթ 1436), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց» (Երուսաղեմ, ձեռ․ 173, թերթ 496500), «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից» (Երուսաղեմ, ձեռ․ 617, թերթ 1516), «Գովեստ Հայոց ազգի» (Երուսաղեմ, ձեռ․ 773«,թերթ 1635):
Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու վկայությամբ Վանական վարդապետը հեղինակել է նաև մի պատմություն, որը կարևոր սկզբնաղբյուր է եղել մոնղոլների՝ Հայաստան կատարած արշավանքների վերաբերյալ: Այս վերջին գործը, դժբախտաբար, մեզ չի հասել:
Վանականը ժամանակի դավանաբանական վեճերի ակտիվ մասնակիցներից էր: Հայտնի է նրա «Խրատ դաւանութեան» ճառը, որ գրվել է 13-րդ դարի կեսին սկիզբ առած հռոմեաբյուզանդական դավանաբանական մի վեճի առիթով: Այն պահպանվել է Կիրակոս Գանձակեցու «Պատմության» մեջ (Կիրակոս Գանձակեցի, Գլ․ Ծ): 1250 թ․, երբ Վերին Խաչենի Ծար գավառում սկիզբ առած Դավիթ Ծարեցի Մոլորեցուցչի գլխավորած աղանդավորական շարժումն ընդգրկել էր «զամենայն գաւառս» Հայոց արևելից կողմանց և դարձել էր խիստ վտանգավոր, վրդովվել ու պայքարի էին ելել անվանի հոգևոր գործիչները՝ բանադրելով Դավիթ Ծարեցուն և նրա կողմնակիցներին, որոնց մեջ կային նաև հոգևորականներ ու ավատատեր ազնվականներ: Վանական վարդապետը այս առիթով գրում է «Գիր սաստից և մեղադրանաց» թուղթը:
Վանականի դպրոցում, որտեղ սաներն ուսանել են 78 տարի, հոգևոր առարկաներից բացի դասավանդել են պատմություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտություն, քերականություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, տրամաբանություն և այլ առարկաներ:
Խորանաշատի վարդապետարանի կրթական համակարգում դրված էր քառյակ արվեստների ուսուցումը: Վանականի մոտ սովորելու էին գալիս տարբեր վայրերից: Նրա դպրոցում աճեցին Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա կրոնավորը, Ստեփանոս Աղթամարցին, Գրիգոր Ակներցին, Մարկոսը, փիլիսոփա Սոսթենեսը, Առաքելը, Հովսեփ վարդապետը, Ներքին Խաչենի Իսրայել արքեպիսկոպոսը, Մարկոս վարդապետը՝ դարձյալ Խաչենից․ բոլորն էլ իրենց գործի լավագույն գիտակներ, որոնք վարդապետական աստիճան ստանալուց հետո իրենց վարդապետի գործը շարունակեցին տարբեր գրչության կենտրոններում:
Գրչության արվեստը ծաղկում էր Խորանաշատի վանքում ու կապվում Վանականի անձի հետ: Մեծ էր դպրոցի և նրա րաբունապետի հեղինակությունը: Գրիչներն իրենց օրինակած ձեռագրերի հիշատակարաններում հաճախ գրչության վայրը ճանաչում ու նշում էին նրա անունով՝ «ի վանս վարդապետի Վանականի»: Ուսուցչի մասին հատկապես հիացմունքով են խոսել նրա աշակերտները: Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ դպրոցը, ի դեմս ուսուցչապետի, ձեռք էր բերել մեծ անուն և համբավ, որտեղ կրթություն ստանալու էին գալիս տարբեր վայրերից․ «Բազումք դեգերէին առ նա ուսման աղագաւ ոչ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն»: Վարդան Արևելցին նրան անվանում է «համբաւատենչ և արդիւնական, փառաւորեալ հայրն մեր»: Գրիգոր Ակներցին՝ «Ի դառն ժամանակիս փայլէր իբրեւ զարեգակն Սուրբ Հոգի վարդապետն մեր Վանական յերկիրն արեւելից, յերկրորդ արեւելք անուանեալ»:
Վանականը, դպրոցում ձեռագրեր ընդօրինակելուց բացի, մեծ տեղ էր հատկացնում նաև խմբագրական աշխատանքներին: Այդ աշխատանքներում հատկապես հմուտ էին Իսրայելը և Կիրակոս Գանձակեցին, որոնք ուսուցչի հանձնարարությամբ խմբագրում էին հայսմավուրքային ժողովածուներ: Ստեփանոս Աղթամարցին 1223 թ․ «ի վանքս Խորանաշատու՝ ի գաւառիս Գարդմանայ առ ոտս ուղփաճեմ և աստուածարդիւնական վարդապետիս Վանականի» ընդօրինակում է մի Ժողովածու, որի հիշատակարանում նախ հիշում է րաբունապետ Վանական վարդապետին, որ «փայլէ ի ժամանակիս որպէս զաստղ առաւաւտու», ապա հորը՝ տեր Սարգսին, հորեղբորը՝ տեր Հովհաննեսին, և եղբորը՝ Իգնատիոս քահանային: Գրիչը անմեղադրություն է խնդրում, որովհետև «ի ձմեռնային յաւուրս գրեցաւ, այլ աղաչեմ չլինել մեղադիր թիւրութեան, զի զհոլովն ճրագով գրեցի»:
Սրանից մեկ տարի հետո՝ 1224 թ., Ջաջուռ Խաղբակյանի դստեր և Կուկ Սևադյաց իշխանի կնոջ՝ Վանենու պատվերով գրվում ու նկարազարդվում է մագաղաթյա երկաթագիր մի Ավետարան, որը վանքի անունով կոչվում է «Խորանաշատի Ավետարան»:
Հայտնի չէ ձեռագրի գրիչն ու ծաղկողը: Ձեռագիրն ունի չորս ավետարանիչների պատկերներ, ութ խորաններ, կիսախորաններ, զանազան լուսանցազարդեր, որ պարզ ու ներդաշնակ ծաղկազարդել է տաղանդավոր, բայց մասնագիտական հմտություն չունեցող նկարիչը:
Ծաղկողն օգտագործել է ոսկի և բազմազան գույներ: Ձեռագրի հետագա ճակատագրի մասին տեղեկությունները նրա գերեվարումների և փրկագնումների մասին են: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Վանական վարդապետը, 1229 թ. Ջալալեդդինի արշավանքներից խուսափելով, ապաստանում է Լորուտ գյուղի մերձակա մի քարայրում, այստեղ էլ շարունակում է ուսուցանել: Մոնղոլներն իմանում են Վանականի տեղը, 1236 թ. պաշարում են քարայրը, ուսուցչապետին և աշակերտներին, որոնց մեջ էր նաև Կիրակոս Գանձակեցին, գերեվարում են՝ իրենց հետ տանելով ողջ գույքը՝ շուրջառներ, արծաթյա խաչեր, անոթներ և երկու արծաթակազմ Ավետարան, որոնցից մեկը այս գեղեցիկ մագաղաթյա մատյանն է:
Որոշ ժամանակ անց մեծ փրկագնով Գագ բերդի բնակիչները ազատում են Վանական վարդապետին, իսկ Կիրակոսը, որ մոնղոլների բանակում թարգմանիչ էր ու գրագիր, փախչում է ու ապաստանում Նոր Գետիկի վանքում: Վանականը նորոգում է Խորանաշատը, վերականգնում դպրոցը և նորից սկսում ուսուցանել: Մոնղոլների կողմից գերված երկրորդ ձեռագրի ճակատագիրը ցայսօր անհայտ է, իսկ «Խորանաշատի Ավետարանը» 1238 թ. Տփխիսում մոնղոլները հանում են աճուրդի: Բարեբախտաբար, այստեղ է լինում նաև Վանական վարդապետը, որը մեծ փրկագնով ձեռք է բերում մատ-յանը և վերադարձնում Խորանաշատ: Նրա ձեռքով է գրված Ավետարանի հետագայի հիշատակարանը:
1517 թ. Ավետարանը տարվում է Տաթև, որտեղ Ալեքսանոս աբեղան Ղասումի խնդրանքով փոխում է արծաթյա կազմը, նոր կաշվե կազմ է դնում՝ մետաղյա անկյունազարդերով և Ա փեղկին՝ մետաղյա մի խաչ: Մատյանն այս կազմով էլ հասել է մեզ: 16-րդ դարում նորից գերվում է ձեռագիրը և փրկագնվում մելիք Հովասափի կողմից ու ընծայվում Վանի Սբ. Վարդան Զորավար եկեղեցուն: 1915 թվականին բանասեր Ս. Տեր-Ավետիսյանը Վանում տեսնում է Ավետարանը և նահանգապետ Դիտմենի միջնորդությամբ ուղարկում Սբ. Էջմիածին: Վանենին «Խորանաշատի Ավետարանից» ութ տարի հետո՝ 1232 թ., Գետիկա վանքում Ստեփանոսից ստանում է նոր ու շքեղ ձեռագիր և իր հոր հիշատակին նվիրում Հավապտուկ վանքին: Այս ձեռագրի հետագա ճակատագիրը հայտնի չէ:
Խորանաշատի վարդապետարանի գործունեության բեղուն շրջանն ավարտվում է Վանականի մահով: Րաբունապետի մահից հետո դպրոցը գլխավորում են Գրիգորիս և Պողոս վարդապետները, որոնք չեն կարողանում նույն բարձրության վրա պահել դպրոցը, և աստիճանաբար խամրում է երեսուն տարի գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեություն ծավալած վարդապետարանի փառքը: Չնայած դրան՝ հետագայի գրիչները, նկատի ունենալով վարդապետարանի երբեմնի հռչակը, հիշատակարաններում վանքն անվանում են «բարձրահամբաւ», «մեծայարկ գումբեթաձև», «հռչակաւոր սուրբ ուխտն Խորանաշատ»:
Վանական վարդապետի ամենից բեղմնավոր սանն ու վարդապետարանի առաջին շրջանավարտներից էր Վարդան Արևելցին, որ ժամանակակիցների կողմից մեծարվել է «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան պատվել է «Մեծն Վարդան» անունով։
Մխիթար Գոշի մոտ կրթություն ստանալուց հետո Վարդանը գալիս է Խորանաշատ և աշակերտում Վանական վարդապետին, նրանից ստանում վարդապետական աստիճան և 1235 թ. զբաղվում գիտական, մանկավարժական, եկեղեցական ու քաղաքական բեղմնավոր գործունեությամբ: Նա բացում է դպրոցներ, սկզբում՝ Կայենո բերդի Սբ. Անդրեաս վանքում, ապա՝ Խոր վիրապում, որտեղ շարունակում է Վանական վարդապետի դպրոցի ավանդները:
Վարդան Արևելցու թողած մատենագիտական հարուստ ժառանգությունը՝ պատմական, մեկնողական, քերականական բնույթի երկեր, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր, շարականներ, թարգմանություններ, նրան դասում են մեր մատենագիրներից լավագույնների շարքը: Վարդան Արևելցին հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից էր, հիմնադիրը մի ամբողջ մեկնաբանական դպրոցի: Վարդանը ճանաչված էր միջնադարյան Հայաստանում ու Կիլիկիայում և ակտիվորեն մասնակցում էր դավանաբանական խնդիրներին: Վարդանը 1267 թ. խմբագրում ու լրացնում է «Տոնապատճառ» ծիսական ժողովածուն: Իսկ նրա «Հաւաքումն պատմութեան» երկը կարևոր աղբյուր է ժամանակաշրջանի՝ Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:
Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
Շողակն Արարատյան