«Երանի՜ նրանց, որ քաղցը և ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»
Նմանատիպ
Հիսուս Քրիստոս արքայության Ավետարանի քարոզչության և «Լեռանի քարոզ»-ի մեջ մեզ տվեց ինը երանիներ, որոնցից չորրորդը հետևյալն է․ «Երանի՜ նրանց, որ քաղցը և ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս Ե 6):
Անշուշտ, մարմնում քաղց և ծարավ զգացվում է այն ժամանակ, երբ մենք կերակրի և ըմպելիքի պակասություն ենք զգում: Սակայն Քրիստոս այս քաղցածներին չէ, որ երանի տվեց, այլ նրանց, ովքեր տենչում են հասնել արդարության և կերակրվել դրանով:
Իրավամբ, երանելի են այն մարդիկ, որոնք արդար կյանքով ապրելու քաղցն ու ծարավը ունեն, որոնք իրենց կյանքի ընթացքում արդարություն գործադրելով՝ փորձում են մերձենալ Աստծուն` աստվածային ուրախությամբ և մխիթարությամբ հագենալու համար:
Արդարությամբ ապրելու առաջին պայմանը հավատքն է Աստծո նկատմամբ: Ինչպես ասվում է Ծննդոց գրքում` «Աբրահամը հավատաց Աստծուն և այս հավատի համար էլ Աստված արդար համարեց նրան» (Ծննդոց ԺԵ 6): Իրապես, արդարությունը պահանջում է, որ մենք հավատանք Արարչի գոյությանը, Նրա փրկագործությանը` Աստվածորդու մարդեղությանը, Նրա զոհաբերությամբ մեզ տրված հավիտենական կյանքի իրականությանը, Քրիստոսի երկրորդ գալստյանը, մեռելների հարությանը և Աստծո արդար դատաստանին:
Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում ասում է․ «Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծո առջև արդարանում են առանց խտրության:
Արդարև, թեպետ բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծո փառքից, սակայն Աստված արդարացնում է նրանց ձրիաբար Իր պարգևած շնորհով, Քրիստոս Հիսուսի փրկագործության միջոցով, որովհետև Աստված նախասահմանեց, որ Քրիստոսն Իր թափած արյամբ քավության միջոց դառնա նրանց համար, ովքեր հավատում են Իրեն:
Անցյալում Աստված Իր արդարությունը ցույց էր տալիս անհիշաչար գտնվելով մարդկանց գործած մեղքերի հանդեպ, իսկ ներկայումս Նա Իր նույն արդարությունը հայտնում է` թողություն շնորհելով մեղքերին, ցույց տալով, որ Ինքն արդար է և արդարացնում է ամեն մեկին, ով հավատում է Քրիստոսին» (Հռոմեացիներ Գ 22-27):
Մենք պարտավոր ենք մեր ճշմարիտ հավատքով, Քրիստոսի պատգամներն ու պատվիրանները իրական վկայություն դարձնելով, մեր արդարացի գոհունակությունը, փառաբանությունը և երախտագիտությունը բերելու Աստծուն` մեզ կյանք և հավիտենականություն, անմահություն պարգևելու համար և նույն արդարության գործերով նաև արդարացած հռչակվելու Աստծո առաջ:
Եփեսացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը ասում է․ «Չլինի թե նորից վերադառնաք այն կենցաղին, որով հեթանոսներն ու անհավատներն են ապրում անմտորեն: Նրանց միտքը խավարած է իրենց տգիտության և համառ անտարբերության պատճառով, նրանք օտարացած են Աստծո կյանքից, և քանի որ այդ կյանքի հույսը չունեն, իրենք իրենց տվել են անառակության և ամեն պղծություն գործում են անհագ կերպով: Բայց ես ձեզ սովորեցրի, որ այդ չէ Քրիստոսի ճանապարհը: Դուք լսել եք Նրա պատգամները և Նրան միանալով` սովորել, որ Հիսուսի մեջ է ճշմարտությունը» (Եփեսացիներ Դ 17-22):
Աստված և մարդ հարաբերության մեջ արդարության գրավականը, անշուշտ, նաև ապաշխարության պտուղներն են: Ավետարանական ողջ իրականությունը լեցուն է ապաշխարության հորդորներով, որովհետև սխալվելուց և մեղք գործելու հետո արդարությունը պահանջում է ապրել ինքնաքննությամբ, զղջմամբ և ապաշխարությամբ, մեղքերի թողության և քավության իրողությամբ սրբված: Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից, ներկայությունից, աստվածային շնորհներից, աջակցությունից և զորակցությունից: Եվ մենք, միայն մեր մեղքերը խոստովանելով, զղջալով և թողություն խնդրելով է, որ ոտք ենք դնում արդարության ճանապարհով դեպի Աստված բարձրանալու անհերքելի ճշմարտության մեջ:
Տեր Խորեն քահանա ՄԱՐՈՒՔՅԱՆ
Շողակն Արարատյան