Գաղտնիք, որ պարզ է, ինչպես արևի լույսը
Նմանատիպ
Երբեմն մարդ զարմանում է իր արած քայլերի վրա։ Մտածում է՝ այն անհարիր է իր բնույթին։ Մարդն իրեն նույնացնում է իր անվան, իր արտաքինի, արտահայտած մտքերի հետ։
Մոռացիր։ Մոռացիր, որ ինչ-որ մի ժամանակ դու էլ ոտքերիդ վրա հազիվ կանգնող երեխա ես եղել։ Սկսել ես խոսել, մտքերդ նախադասություն են դարձել, արտահայտվելու հնարավորություն ես ստացել։ Աչքերդ բացվել են աշխարհի առաջ, տեսել, զգացել, հասկացել ես՝ աշխարհն անճանաչելի է։ Մարդը նույնպես։ Ինքդ նույնպես։ Ինքդ քեզ չես ճանաչել։ Ինքդ քեզ ճանաչեցիր, ուրեմն մարդուն ճանաչեցիր։
Մոռանալ։ Ասում են՝ սկիզբը վերջ է, վերջը՝ սկիզբ։ Հասկացիր ինչպես ուզում ես և ինչպես կարող ես։ Մոռանալ թե սկիզբը, թե վերջը։ Քեզ մնում է նրանց միջև ընկած տարածքը կամ ժամանակը։ Քեզ բաժին հասած այդ տարածությունը պետք է զբաղեցնես քեզանով, քո արած գործով, ծրագրերով, մտքերով, երազանքներով, մի խոսքով՝ քո կյանքով։ Քո ծնունդը չպետք է լինի նշանակալի մի իրադարձություն մարդկության համար, քանզի դու հասարակ մահկանացու ես, քո տեղն այդ միջանցքն է, որ երկու կարևոր կետերի միջև է ընկած։ Եղիր քո տարածքի կամ քեզ հատկացված ժամանակի տերը։ Եղիր լեցուն քո բաժին ապրումներով, ձգտումներով։ Եղիր կորիզ և ոչ պտուղ, դարձիր այդպիսին և գուցե այդ ժամանակ, եթե ոչ ծնունդդ, ապա մահդ անպայման իրադաձություն կդառնա, որովհետև մեռնելու ես, որպեսզի ծնվես։
Ծնունդ և մահ հավասարվում են, այս կողմ, թե այն կողմ՝ նույնպես գոյություն է, անցման պահն է ծանր։ Այնտեղից այս կողմ և այստեղից այն կողմ մի կյանքի շարունակվող շղթան է։ Մոռացիր այդ օրվա ու ժամվա մասին։ Մի հիշիր։ Կգա պահը, և օրենքը կգործի։
Վերևից ներքև մաքրիր կասկածներիդ մուրը, և թող լույսի հոսքն ապահովի շղթայի անընդհատությունը։
Փառք տանք տիրոջը սքանչելի գաղտնիքի համար, որպեսզի այն մատչելի դառնա յուրաքանչյուրիս։
Օրհնենք Տիրոջը, նա մեզ էլ բաժին կհանի երջանկության ոգեղեն սարսուռից։
Մոռացիր ամեն բան, բայց հիշիր Տիրոջ կայծի մասին, որ քո մեջ կայծ, իսկ Տիեզերքում անհաշիվ լուսատուներ են դառնում։ Նրանցից ամեն մեկը երկնային զորությունների մեջ ծվարած նույն կայծերն են, որ միանում և արարչագործություն են դառնում։
Փառք տանք Տիրոջը՝ լույսի արարաչին, էության աղբյուրին, ոգու կանչին։
Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում