Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը

Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը

Ես եմ՝ դու, որ աննյութեղեն է:

Երբեք սիրուն բաներով չեմ կերակրել սպասումներիս: Գույնն էլ, ինչպես մետաղը կենդանություն ունի ներսում, որտեղ շնչառության հետ հառնում ու մեռնում է կյանքը, ինչպես որ պատկերացրել էինք՝ ապրել:

Արևելքում արևմտյան խելառ մտածողները երբեք ծանրակշիռ չէին ընդունի իրենց՝ հակասությունների պատճառը, որովհետև մենք ոչ թե սիրում ենք բառը, այլ նրա հարափոփոխ մանրամասները, որ այդպես էլ չեն բացահայտվում՝ անկարևոր դիպված:

Ձյունը ծածկել էր եկեղեցու գմբեթը: Վերջին հրաժեշտն էր տալիս մարդուն: Աստծո տան պատերից ներսում “Տե՛ր ողորմեա” էր հնչում:

Կանգնել էի դրսում ու սրթսրթում էի, որովհետև լավ գիտեի, որ թաղում եմ խիղճս ու կորցնում հույսս: Գիտեմ, հիմա մեկը հայտնվելու է ու ասի՝ հույսը վերջում է մեռնում, միգուցե արդեն վերջն էր, որտեղ ձյան սպիտակ ծածկույթի տակ անգամ եկեղեցու գմբեթն էր ճկվել ու հոգնել:

Ես նկարեցի թղթին իմ սպասումն ու գնացի հաղթելու, որովհետև լավ գիտեի, որ սպասումներն անգամ անմենաթողություն են: Ոչ մի կշտամբանք ինձ չի վնասի, որովհետև իմ խիղճը նույնքան մաքուր է, որքան ձեզնից յուրաքանչյուրինը՝ մի քիչ մեղավոր ու մի քիչ թույլ, ինչպես որ ստեղծված էինք ի սկզբանե:

Այժմ ողբում եմ, այն խենթի կորուստը, որ ես եմ, դու ես, միգուցե նա, ով այդպես էլ չի հասկացել ու չի բացահայտել ինչ կա իր ներսում պահած: Չի ձերբազատվել իր ներսի կապանքներից ու թաքուն է ապրում, որովհետև այդկերպ ապրելը ձեռնտու է: Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի ու եկեղեցու բակում շարունակում էի կանգնած, գլխահակ սպասել, որ հավատում եմ այն արատավոր վերջին, որ հայելին է ցույց տալիս:

Այն, ինչ տեսել եմ՝ զղջում եմ յուրաքանչյուրիս արարաքի համար… ու այն թագավորի՝ ինչպես Սողոմոնը:

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում