Վ. Օսկանյան.Եթե Երևանի քաղաքապետը լինի ԲՀԿ-ից, ապա նա կլինի հանրապետությունում երկրորդ ամենաազդեցիկ անձնավորությունը

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը  այսօր հանդիպում ունեցավ աջափնյակցիների հետ:

Հանդիպմանը Օսկնանը խոսեց այն մասին, թե ինչ պայմաններում է ապրում այսօր երկիրը ու հատկապես ժողովուրդը:

Ըստ Օսկանյանի՝ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի կողմից կա ակնհայտ պահանջ իրականացնել խորքային, համակարգային փոփոխություններ:

Օսկանյանի խոսքով` ՀՀ ազգաբնակչության 40 տոկոսը պատրաստ է հենց այս պահին ճամպրուկը կապել ու հեռանալ Հայաստանից:

«Ավելին’ ըստ պաշտոնական վիճակագրության էլ ամսեկան 8-10 հազար մարդ հենց այդպես էլ անում է»,- ընդգծեց նա:

«Իշխանություններն ասում են’ ժողովուրդ, ամեն ինչ լավ է և մենք ոչինչ չենք ուզում փոխել, իսկ ժողովուրդը հակառակն է ասում ու անում’ հեռանալով երկրից: Այսօր ժողովուրդն իր մաշկի վրա զգում է, որ լավագույն դեպքում երկիրը տեղում է դոփում’ սա լավագույն դեպքում, բայց իրականում մենք հետ ենք գնում»,- շեշտեց նա:

Ըստ Վ.Օսկանյանի, եթե Երևանի քաղաքապետը լինի ոչ իշխանական ուժից և մասնավորապես լինի ԲՀԿ-ից, ապա այն կլինի հանրապետությունում երկրորդ ամենաազդեցիկ անձնավորությունը, քանի որ Երևանը ինքնուրույն համակարգ է, ունի իր ուրույն բյուջեն և կարող է լինել անկախ կառավարությունից.

«Առավել ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելով՝ մենք կարող ենք լուրջ հակակշիռ լինել այն կառավարությանը, որ շարունակելու է իր գործունեությունը, փաստորեն, հետագա հինգ տարիներին ևս: Առ այսօր քաղաքապետը եղել է կառավարության կամակատարը և արել է այն, ինչ իրեն ասվել է, իսկ եթե այնտեղ լինի ԲՀԿ-ի քաղաքապետը, ապա մենք կկարողանանք ժողովրդի խնդիրները լուծել»,- հայտարարեց Վարդան Օսկանյանն ու ավելացրեց, կուսակցությունը խոստանում է յուրաքանչյուր երևանցու տալ արժանավայել կյանք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում