Ծաղկամանի գաղտնիքը

Ծաղկամանի գաղտնիքը

Յոթ սարից այն կողմ ապրում էր Ճերմակ թագավորը։

Նա, որ բազում հաղթանակներ էր տարել երկրի թշնամու դեմ, վերջին մարտերից մեկում ծանր վիրավորվեց։ Ահա նա կառքով վերադառնում է ռազմադաշտից, իսկ խեղկատակը պալատի առաջ ժողովրդին հավաքել է շուրջը և գովերգում է թագավորի քաջագործությունը։

Ա՜խ, ափսոս, հազար անգամ, 
Աղջիկներ բարդեհասակ,
Ձեզ՝ հարսներ, սիրուն, պայծառ,
Հազար տան սյուն ու ճրագ։
Թշնամին տարավ գերի,
Մեզ թողեց արցունքի մեջ․
Մնացին աչքը ճամփին
Մայրերն ու քույրերը խեղճ։
Մեր Ճերմակ արքան արի
Իր զորքով մարտեր մղեց,
Քառասուն կտրիճ ջահել
Վերցրեց արքան իր հետ։
Թեժ կռվով, մարտով ահեղ
Հարսներին բերեց նա ետ։
Ապրի ուրախ,
Ապրի խնդուն,
Թագավորը մեր իմաստուն։

Ապա խեղկատակի խոսքը տխուր շեշտով է հնչում․
Մի պահ լռեցեք, աղբյուրներ զնգուն,
Դեռ մի ժպտացեք, ծաղիկներ մի պահ․
Տխուր վիշտ իջավ մեր ուրախ հոգուն՝
Վիրավորվել է սիրելի արքան․․․

Թագավորին հազիվ իջեցնում են կառքից ու տանում պալատ, նստեցնում իր գահին։

Տխուր է թագուհին, տխուր են դուստրը՝ Արմենուհին և պալատականները։

Հայտնվում է մահվան հրեշտակը։

– Ես եկել եմ քեզ տանելու, – խուլ ձայնով որոտում է մահը։

– Վա՜յ մեզ, – բացականչում է թագուհին։

Մահվանն ընդառաջ է գնում Արմենուհին․

– Աղերսում եմ, թույլ տուր, որ հայրս իր վերջին խոսքն ասի։

– Թույլ եմ տալիս, խոսիր արքա, – ասում է մահը։

– Ժամանակ տուր, որ ես կարողանամ իմ վերջին պարտքը կատարել, – խնդրում է թագավորը։

– Ի՞նչ պարտք, – հարցնում է մահը։

– Ես ուզում եմ գտնել այնպիսի մեկին, որ կարողանա փոխարինել ինձ ու կառավարել երկիրը։

– Տալիս եմ մեկ տարի ժամանակ։ Բայց լավ իմացիր, հաջորդ գարնան վերջի օրը կհայտնվեմ առանց նախազգուշացման, – ասում է մահն ու անհետանում։

Թագավորի հրամանով ամբողջ երկրով մեկ շեփորահարներն հայտարարում են երկրի բոլոր պատանիներին․

– Լսեցե՜ք, լսեցե՜ք։ Պալատի հրապարակում թող հավաքվեն երկրի բոլոր պատանիները՝ հարուստ ու աղքատ։

Լսեցե՜ք, լսեցե՜ք արքայի հրամանը։

Արքան թագուհու և դստեր ուղեկցությամբ դուրս է գլիս պատշգամբ ու հայտարարում․

– Սա է իմ պայմանը․ իմ դուստր Արմենուհին հիմա ձեզ բոլորիդ ծաղիկների սերմեր կբաժանի։ Ով այդ սերմերից աճեցնի ամենագեղեցիկ ծաղիկը, նա էլ կամուսնանա դստերս հետ ու կդառնա իմ թագաժառանգը: Մեկ տարի ձեզ ժամանակ։ Գալիք տարվա վերջին օրը կներկայանաք ձեր աճեցրած ծաղիկներով։

Արմենուհին բոլորին սերմեր է բաժանում, ու պատանիները ցրվում են։

Մի համեստ խրճիթի բակում նստել է պատանի Տիգրանը։ Կողքին շարված են հողով լի ծաղկամանները։

Պարտեզում օրորվում են ծաղիկներն ու երգում․
Ցանկալի հյուրն ենք, զարդն ենք ամեն տան,
Մենք զավակներն ենք մեր մայր բնության,
Մեր բույրով անուշ, գույներով պես-պես
Զարդարում ենք տուն, փողոց ու պարտեզ։
Իզուր ես տխրել,
Ազնիվ պատանի,
Այդ տխրությունը
Քո դեմքից վանի։

Մոտենում է մայրը։

– Ինչու՞ ես տխրել, տղաս, – հարցնում է նա։

– Ա՜խ, մայրիկ, սերմերը չեն ծլում։

– Հողը փոխիր, տղաս, գուցե սովորական հողում չեն աճում այդ սերմերը։

– Փոխել եմ, մայրիկ,- ասում է Տիգրանը, – մի ծաղկամանի հողը բերել եմ Ծաղկասարից, մեկը՝ Ծաղկաձորից։

Մեր տան ծաղիկների բոլոր սերմերն էլ աճեցին, գեղեցիկ ծաղիկներ դարձան, իսկ թագավորի աղջկա տված սերմերը ոչ մի տեղ չեն աճում։ Ի՞նչ անեմ, մայրիկ։

Մայրը գրկում է տղային ու մխիթարում։

-Ա՜խ, Տիգրան, ես քեզ ասում էի՝ գործ չունես թագավորի հետ։ Թագավորի պալատն ու աղջիկը մեզանից շատ հեռու են։

– Ի՞նչ խորհուրդ ես տալիս, մայրիկ, – թաղծոտ ասում է Տիգրանը, – շուտով վերջանում է գարունը, իսկ ես չեմ աճեցրել այս սերմերը։ Դատարկաձեռն գնա՞մ պալատ, թե՞ այլևս չերևամ թագավորի ու նրա դստեր աչքին։

– Իմ խորհու՞րդն ես ուզում լսել, անպայման գնա, որդիս։

Այդպես էլ կասես թագավորին, որ յոթ անգամ փոխել ես հողը, բայց սերմերը չեն աճել։ Եթե արդար թագավոր է՝ կհավատա քեզ։

– Է՝, մայրիկ, ասենք թե՝ հավատաց, դրանից ի՞նչ օգուտ։

Ավելի լավ կլիներ, եթե գեղեցիկ ծաղիկներով նեկայանայի ծաղկահանդեսին, – ափսոսանքով ասում է Տիգրանը։

– Իսկ դու ներկայացիր հենց դատարկ ծաղկամանով, սա է իմ մայրական բարի խորհուրդը։

– Ինչպես ասում ես՝ այդպես էլ կանեմ, մայրիկ։

Գարնան վերջին օրն է․ պալատ տանող ճանապարհով ձգվում է ճոխ ծաղկահանդեսը։

Կարծես կենդանի պարտեզ է շարժվում։ Բացվում է պալատի դուռը, ու ծիրանագույն թիկնոցը ուսին ելնում է թագավորը՝ գեղեցկուհի դստեր հետ։ Մոտենում է մի պատանի՝  վարդակակաչը ձեռքին։

– Թագավորն ապրած կենա, գիշեր ու ցերեկ չարչարվել եմ ու աճեցրել այս բոսորագույն վարդակակաչը։

Թագավորը լսում է անտարբեր ու շարքով առաջ է գնում։

Հերթով ցուցադրում են իրենց ծաղիկներն ու աղերսագին ձայնով ուզում սիրաշահել թագավորին ու Արմենուհուն։

– Ողորմած տեր, գոնե մի հայացք գցեք իմ անուշաբույր մեխակներին, ճերմակաթերթ շուշաններին։ Ձեր տված սերմերը տեսեք ի՜նչ ծաղիկներ են դարձել։

– Այդքան անտարբեր մի եղեք, մեծ արքա, շնորհ արեք ծերուկիս ու մի պահ կանգ առեք։

Այս առյուծբերանն ու բոցենին իմ թեռնիկն է աճեցրել, ամբողջ մի տարի կյանք է մաշել սրանց վրա։ Տեսեք, ի՜նչ հմայիչ են, մեղուն բույրից կմոլորվի։

Թագավորն ուշադրություն չի դարձնում ոչ մեկի շողոքորթ խոսքերին։

– Հայրիկ, մի՞թե ոչ մի ազնիվ պատանի չկա, – տխրում է Արմենուհին։

Հանկարծ, ինչպես ամպի տակից շողա արևը, թագավորի մռայլ դեմքի վրա փայլում է ժպիտը։

– Ո՞վ է արդյոք շարքի վերջում կանգնծ այն պատանին, որ առաջ չի գալիս, – հարցնում է թագավորն ու աշխույժ մոտենում է պատանուն։ Նրան է հետևում աղջիկը։

– ՈՒ՞ր է քո աճեցրած ծաղիկը, պատանի, – հարցնում է թագավորը։

-Ձեռդ մեծություն, – ասում է պատանին, – մի քանի անագամ փոխեցի հողը, բայց սերմերը չծլեցին։ Ստիպված ես ներկայացա դատարկ ծաղկամանով։

– Անունդ ի՞նչ է։

– Տիգրան։

– Դու ես արժանի իմ գահին, ազնիվ պատանի։

Լսվում են դժգոհ բացականչություններ․

– Իսկ պայմա՜նը, պայմա՜նը։ Ինչու՞ եք ձեր խոսքը դրժում։

– Լռեցեք բոլորդ, – ասում է թագավուրը։ 

– Այն սերմերը, որ տվել եմ ձեզ, խաշած են եղել, իսկ խաշած սերմերը չեն ծլում երբեք։ Ես ու աղջիկս որոշեցինք ստուգել ձեր ազնվությունը։ Միայն Տիգրանն է ազնիվ գտնվել ու ներկայացել դատարկ ծաղկամանով։ Տիգրանն էլ ամուսնանում է դստերս հետ ու ժառանգում է իմ թագավորությունը։

– Ես բողոքում եմ։ Ախր, նա բոլորովին պատանի է, – դժգոհում է փարթամ բեղերով մի երտասարդ։

– Կարևորը խելքն է, ոչ թե տարիքը, – ասում է թագավորը։

– Իսկ ո՞վ չափեց նրա խելքը։ Մի քանի հարց տվեք, տեսնենք մեզանից ով ճիշտ կպատասխանի, – ասում է բեղավոր երիտասարդը։

– Այդ դեպքում թող Արմենուհին ինքը առաջարկի։

– Սիրով, հայրիկ, – ուրախանում է Արմենուհին։ – Դե, ուշադիր լսեցեք, ի՞նչն է ոսկուց թանկը և արևի ճառագայթներից ջերմ։

– Ոսկուց թանկը թագավորի գահն է, իսկ արևի ճառագայթներից ջերմը անտառում վառած թեժ խարույկն է, – պատասխանում է բեղավոր երիտասարդը։

Բոլորը հռհռում են։

– Թող Տիգրանը պատասխանի, – կանչում են շարքից

– Ամենաթանկը մայրական սերն է, արևի ճառագայթներից ջերմը՝ մայրական օրհնանքը, – ասում է Տիգրանը։

– Հիանալի պատասխան, – ասում է Արմենուհին։ – Այժմ երկրորդ հարցն եմ տալիս, ապա ուշադիր։ Ի՞նչն է ամենանվիրականը, ամենից շռայլը և հարուստը։

Նորից առաջինը պատասխանում է բեղավոր երիտասարդը։

– Ամենանվիրականը մարդու բարձր պաշտոնն է, ամենաշռայլը հարբած մարդն է, ամենից հարուստը՝ թագավորի գանձապահը։

– Հիմա լսում ենք Տիգրանին, – ժպտալով ասում է Արմենուհին։

– Ամենանվիրականը հայրենի հողն է, որի համար զոհվում են մարդիկ։ Ամենշռայլը նույնպես հայրենի հողն է․ որքան լավ աշխատես՝ այնքան շռայլ ու առատաձեռն կվարձատրվես։ Ամենից հարուստը դարձյալ հողն է, որն իր ընդերքում անհամար գանձեր ունի։

– Ապրես, Տիգրան, դու ոչ միայն ազնիվ ես, այլև խելացի։ Այսօր ես գտա այն, ինչը փնտրում էի, – ձեռքը Տիգրանի ուսին դնելով՝ ասում է թագավորը։

Հայտնվում է մահը։

– Ես իմ նպատակին հասա, մահ, պատրաստ եմ հիմա, – հպարտ ասում է թագավորը։

– Մի շտապիր թագավոր։ Ես գիտեմ, որ դու իսկապես սիրում ես քո ժողովրդին։ Տիգրանը խելացի է, բայց նա դեռ քեզանից շատ բան ունի սովորելու։ Քեզ եմ բաշխում քո կյանքը, որպեսզի նրան հաղորդես քո փորձն ու իմաստությունը։ Այժմ ուրախացեք, մնաք բարով, – ասում է մահն ու հեռանում։

– Որքա՜ն երջանիկ եմ, հայրիկ․․․

– Արմենուհի, պալատ հրավիրիր փեսացուիդ։ Էհե՜յ, ծառաներ, հնչեցրեք շեփորները։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է․․․

Բոլորը շարժվում են դեպի պալատ։ Նրանց պարով ու երգով պալատ է առաջնորդում խեղկատակը։

Աշխատանքն ու շիտակ խոսքը
Թող որ երկրում հաղթանակեն,
Խնդությունն ու երազանքը
Բոլոր մարդկանց թող համակեն։
Երջանկության ծաղկի բույրը
Թող տարածվի ողջ երկրով մեկ,
Եվ պալատում, և ամեն տեղ
Թող միշտ հնչեն ծիծաղ ու երգ։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում