Հացին երգը

Հացին երգը

«Նարեկացի» արվեստի միությունում հացի «անուշ բույրով» երեկո էր՝ Արեն Ավետիսյանի՝ «Հացին երգը» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսն էր:

Միջոցառումը կազմակերպել էր «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպությունը: Ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողի հացաթխման արարողության ավանդույթներն արտացոլող յուղաներկով կտավներն ու ջրաներկ էսքիզները, ինչպես նաեւ «Հացապատում» գրքույկը:

Հայ ժողովրդի մոտ անհիշելի ժամանակներից եղել է հացի պաշտամունք: Երբ պատվավոր հյուրի էր դիմավորում հայ ընտանիքը, միշտ նրան աղ ու հաց էր մատուցվում:

Հայերը հացը համարել են սեղանի զարդ: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել: Եվ ահա հեռավոր Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում, որտեղ բնակչությունը գաղթել է ավանդույթներով հարուստ էրգրից՝ Ալաշկերտից ու Մուշից, Արենը, շրջելով գյուղում, հավաքագրել ու գրի է առել հացի, թոնրի, հացաթխման արարողության վերաբերյալ ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդույթներն ու սովորույթները, եւ զետեղել դրանք «Հացապատում» գրքույկում:

Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռեւս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Միջնադարյան Հայաստանում տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը եւ, իհարկե, մեր նշանավոր լավաշը: Այն ամենադիմացկուն եւ ամենաերկարակյաց հացն է աշխարհում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել, չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել: Ըստ ավանդապատումի՝ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից եւ մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ, մարդիկ պետք է անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը եւ բարձր տեղ դնեն: Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել: Դարեր շարունակ մարդը միավորել է իրար՝ աշխատանքը եւ երգը. հացի երգը բարձրագույնն է բոլոր երգերի մեջ:

Դանիել Վարուժանը բանաստեղծությունների մի ողջ ժողովածու է նվիրել «Հացին Երգ»-ին։ Աշխատանքի բերկրանք. ահա՛ այն երջանկությունը, որ ապրում է հողի մշակը ցորեն ցանելիս, մշակելիս, հնձելիս եւ հացի վերածելիս: Վարուժանը պատկերել է հացի ստեղծման աշխատանքների ամբողջ ընթացքը՝ վաղ գարնանից մինչեւ բերքահավաքի աշուն: «Ցորյանի ծովեր» բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է: Հովե՜ր կ՚ացնին. Ու ցորյաններս հուշիկ, հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ՚անսահման: Հովերն ու ծովերը, այսինքն՝ արտի ծփանքը, մերձակա կալերից հասնում են գյուղ, այստեղից էլ՝ աղորիք, որտեղ ցորենի հատիկը պետք է ալյուր դառնա: Հայի հացը սկսվել է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, հատիկից. «Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան, Ցորենն ինձի, դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան»։

Արեն Ավետիսյանը գրել է հացատան՝ որպես հաց թխելու վայրի, երբեմն որպես խոհանոցի, կացարանի, կենտրոնում գտնվող թոնրի մեջ տեղավորված կավե գլանաձեւ հնոց վառարանի մասին, որը հայկական լեռնաշխարհում տարածված է եղել հնագույն ժամանակներից: Թոնրում թխում էին լավաշ, բոքոն, գաթա, փախլավա, նազուկ: Ըստ ավանդության՝ խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով «խաչ» էր անում, հետո ծածկում այն: Խմորը հունցում էր տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում էր ավագ հարսը: Լավաշը թխում էին վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում էին արեւածագին: Իմ հուշերի հին հացատուն, Այնքան լուսե, սիրով՝ լեցուն, Իրեն հատուկ անուշ բույրով՝ մշտաօծուն Եվ մշտավառ իր կրակով: Գրքույկում հեղինակը ներկայացրել է նաեւ հին հայկական կենցաղում տարածված սովորույթներն ու հավատալիքները: Երբ հարսները խմոր էին շաղում, անպայման երգում էին: Ապագա երեխայի սեռը որոշելու համար խմորե տիկնիկ էին պատրաստում ու գցում թոնրի մեջ, թխելուց հետո ըստ ուռած մասերի որոշում էին տղա է, թե աղջիկ:

Երբ հաց էին թխում, թարմ հացից բաժին էին հանում աղքատներին, անցորդներին: Ուսանելի սովորույթ է մեր օրերի համար: Շատ պատմություններ ու ավանդություններ կան հայկական լավաշի մասին։ Մեր լավաշը մեր պատմությունն է՝ կրակի բոցում թրծված ու հառնած: Մեր լավաշը մեր տրտմությունն է, մեր կարկտահար համբերությունը: Հայի համար հացը եղել է ոչ միայն նյութական բարիք, այլեւ հոգեւոր սնունդ։ Երեկոյի ընթացքում հնչեցին հացի արարմանը նվիրված հայկական ժողովրդական երգեր «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։ Ժողովրդական իմաստությունն ասում է. «Հաց ունես՝ ամեն ինչ ունես»: Հին հույները հացը համեմատում էին միայն արեւի հետ։ Հին Հռոմում հացթուխը անձեռնմխելի մարդ էր համարվում։ Ոչ մի հաղթող հաց թխող մարդուն չի սպանել, իրավունք չի ունեցել։ Հացթուխի առաջ ծնկի են իջել, հացը գլխից բարձր դասել։

Հին ժամանակներում, երբ գետնին ընկած հաց էին տեսնում, կռանում, վերցնում էին, մաքրում, համբուրում ու դնում մի քարի, մի ծառի բնի: Հին ավանդույթի համաձայն՝ Մուշ քաղաքում փոքրիկ քսակի մեջ մի բուռ ցորեն էին լցնում եւ կախում նորածնի օրորոցից։ Այդ սովորությունը տասը հազար տարեկան է։ Մայրը երեխային օրորում եւ ասում էր. -Տանդ միշտ ցորեն լինի, կյանքդ ու արտդ երաշտ չտեսնեն… Ահա եւ հացին երգը: Հացի ուժի, բուժիչ հատկությունների մասին շատ զրույցներ են մեզ հասել, սակայն այսօրվա մեր սպառողական զամբյուղի կենսական նշանակության այս մթերքի՝ հացի մեջ, ցավոք, գերիշխում են խմորիչի, երբեմն ներկանյութերի վնասակար հատկությունները: Ողջունելի կլիներ պետական մակարդակով քննարկվեր ոչ թե հացի մեջ զանազան հավելումների, ցորենի ալյուրի մեջ արհեստականորեն միկրոտարրերի ավելացումների անհրաժեշտության հարցը, այլ բոլոր ձեռնարկատերերի առջեւ խնդիր դրվեր հայ ժողովրդին վերադարձնելու իր դարավոր մաքրամաքուր ու առողջարար հանապազօրյա հացը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում