Վերջին արարը

Վերջին արարը

Քո թոքերով է շնչում քաղաքն իմ,
սիրելի՛ս
շարժմանդ մեջ,
ծալքերիդ մեջ, անցքերիդ մեջ
սիրելի՛ս։

Պատուհանի ապակուն լղոզվեց երեկոն,
որ ավերիչ արագությամբ սլանում էր մաշկիդ վրայով.
ինչո՞ւ փնտրեմ պատկերդ,
երբ կոպերիս տակ,
մթության մեջ անգամ քո շնչառությունը շոյում է սիրտս։

Իմ քաղաքում ցուրտ չկա և տապ չկա,
իմ քաղաքում սով չկա և ցավ չկա,
քաղաքում մութ ու լույս վաղուց չկա,
ձայն չկա,
ձև չկա,
քաղաքում միայն դու ես,
և քո ստվերն է մնացյալը։

Ո՞րն է քո խուցը,
որտեղ տեղավորել ես տիեզերքը այս,
ո՞ր կետն է բարձդ,
ականջդ ո՞ր աստվածային փափկությունն է շոյում,
ո՞ւր է առանցքը երկրիս։
Բառը սուտ է,
և մեղեդին անգամ։
Թարթիչդ գցիր կոճակներիցս ներս,
կրծքիս վրա թող,
երաժշտության և հանգի,
պատկերի ու շարժման
ամբո՜ղջ-ամբո՜ղջ մարդկության ստեղծած,
կուտակած,
դիզած գեղեցկության փոխարեն
թարթիչդ դիր կրծքիս ու գնա,
գնա՜, սիրելիս…

Քո կատարելությունը երբեք իմ բառը չի ունենա։
Ինչպե՞ս շշնջամ քեզ.
երկինքը դու ես։
Քանի աստղ էլ շաղ տամ, անծայր կմնաս,
քո անունի միջով ինչքան քայլեմ,
տեղ չեմ հասնելու,
անսկի՛զբ իմ, անբացատրելի ու անսահման,
քո մասին խոսելիս պիտի ինձ աղքատ ու ստոր զգամ,
որովհետև անկարողությունից համրանում եմ,
անշարժ քարանում,
բայց ամենահարուստն եմ ու ամենակարողն եմ,
որովհետև իմ միջով
թե մի կաթիլ էլ օվկիանոսիցդ դուրս տամ,
դարերով կլողամ քո մեջ,
հեռավոր տո՜ւն իմ,
ծխացող երա՜զ իմ,
մանկության քո՜ւն իմ,
հորդացող, անվերջ, անսկիզբ ճրա՜գ իմ,
հույս իմ։
Մութ գիշերներում,
լուռ գիշերներում ինչքա՞ն խարխափեմ,
որ հասնեմ կայծիդ։
Իմ մոխրացած թոքերի համար վերջին թթվածին,
կռկված մարմնիս համար եթերային յուղ,
ազատություն իմ,
տարածություն իմ։
Վերջին վայրկյանին թող ձայնդ լսեմ,
և թող կանգ առնի պտույտն այս հրամանով քո,
թե՞ քեզ ձուլվելու համար պիտի հող դառնամ։
Համբերատարությամբ րոպեները թող հաշվեմ,
որ ծաղիկ դուրս չգա մեզնից,
որ հասկ դուրս չգա ու հաց չդառնա,
որ մեր ձուլումը լինի վերջին արարը,
վերջի՜ն արարը:

Անի ԱՄՍԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում