Հողի չորս որդիները

Հողի չորս որդիները

Մայր հողն ուներ չորս որդի՝ Արևը, Լուսինը, Անձրևն ու Քամին։ Նրանք ապրում էին հաշտ ու խաղաղ։ Մի անգամ մայր հողը ասում է նրանց․

– Գնացեք, աշխարհ ման եկեք ու վերադարձին ինձ համար բերեք ձեր սիրած նվերը։

Գնում են, գնում որդիները, հասնում են մի հսկա ծառի, որտեղից չորս ճանապարհ էր ձգվում։

Ավագ եղբայրը՝ Արևը, ասում է․

– Ամեն մեկս գնանք մի ճանապարհով, ով շուտ վերադառնա՝ սպասի այս ծառի տակ։

Եղբայրները յոթ օր, յոթ գիշեր գնում են չորս տարբեր ճանապահներով։

Արևը ժպտալով, քեֆ է քաշում դաշտերում, հովիտներում, սարերի գլխին ու մոռանում Մայր հողի նվերը։ Անձրևը, ամպերի հետ խաղալով, վերևից է նայում ամեն ինչի, գոռոզաբար ոչինչ չի հավանում ու ոչ մի նվեր չի ընտրում։ Քամին անհոգ պարում է ու թափառում՝ բոլորովին չմտածելով նվերի մասին։ Լուսինը գիշերն ամպեի տակից նայում է մի հնձվորի, ով, քրտինքի մեջ կորած, հնձում է արտը։

– Բարև, հնձվոր, – ժպտում է Լուսինը վերևից։

– Հազա՜ր բարև, Լուսին, – պատասխանում է հնձվորը։

– Օգնիր ինձ, հնձվոր, Մայր հողի համար մի նվեր ընտրեմ, – խնդրում է Լուսինը։

– Մայր հողի համար հասկից թանկ նվեր չկա, – ասում է հնձվորը։ – Հացն է աշխարհի գոյության աղբյուրը, սեղանների զարդը։ Նա օդի ու ջրի նման թանկ է մարդու համար։

Ընտիր մի փունջ հասկ դու տար, Մայր հողը քեզանից անչափ գոհ կմնա։

Լուսինը մի փունջ հասկ է քաղում ու բռնում վերադարձի ճամփան։ Պայմանավորված տեղը՝ հսկա ծառի տակ, հանդիպում են չորս եղբայրները։

Արևը, Քամին ու Անձրևը նախանձում են իրենց փոքր եղբորը, որ նա նվեր է բերել Մայր հողին, իսկ իրենք նվեր չունեն։

Նրանք Լուսնից թաքուն խորհուրդ են անում և որոշում են վրեժ լուծել՝ մեջտեղից վերացնել նրա նվերը։

Արևն իր շողերի ողջ ջերմությունն  ուղղում է հասկերին՝ խանձում, այրում, սևացնում։

Անձրևն առատորեն թափվում է հասկերի վրա․ հասկերը կուչ են գալիս, սմքում, փչվում։

Քամին, գայլի պես ոռնալով, հասկերն առնում  է բերանը և, քարերին, ծառերին զարկելով, հալածելով, քշում է, տանում, կորցնում։

Երբ չորս եղբայրները ձեռնունայն վերադառնում են Մայր հողի մոտ, Լուսինը, աչքերի արձունքը սրբելով, պատմում է ամեն ինչ։ Մայր հողը զայրանում է երեք որդիների վրա, քնքշորեն շոյում է Լուսնի ճակատը և արձակում է հրաման․ 

– Հրամայում եմ․ նախ՝ չորս որդիները այսուհետև իրար երես չտեսնեն։ Թող մարդիկ հավերժ դժգոհեն Արևից, Անձրևից, Քամուց։

Եթե Արևը վառի, տրտնջան՝ հեռացիր, Արև։

Եթե Արևը չլինի, կանչեն արի, Արև, մրսում ենք։

Եթե առատ Անձրև լինի, դժգոհեն՝ դադարիր, Անձրև։

Եթե Անձրև չլինի, դժգոհեն՝ ախ, ու՞ր ես, Անձրև, արի։

Եթե քամի չլինի, դժգոհեն՝ մի քիչ քամի լինի, զով անի։

 

Եթե քամի լինի, դժգոհեն՝ ի՞նչ ես վայրենի փչում։

Իսկ դու իմ սիրուն, իմ համեստ Լուսին, միշտ բարությամբ ու հեզորեն ժպտա մարդկանց։

Եթե լինես, մարդիկ ուրախ բացականչեն՝ ի՜նչ հրաշալի լուսնյաակ գիշեր է։

Եթե թաքնվես ամպերի հետևում, էլի ժպտան՝ Լուսինը նորահարսի պես թաքնվեց, հիմա կհանի գեղեցիկ գլխիկը։

Եվ այդ օրվանից մարդիկ հավատարիմ են Մայր հողի արձակած հրամանին։

Եթե ամառը Արևն այրում է, վառում, մարդիկ դժգոհում են․

-Ի՜նչ թեժ արև է, արտս կծղեց, այգիս չորացավ։

Եթե Արևը կորչում է, ամպում է երկինքը, դժգոհում են․

-Թյու, արև չկա, որ լվացքս փռեմ, այգուս խաղողը չհասավ։

Եթե վարար անձրև է, դժգոհում են․

– Այս ի՜նչ սարսափելի հորդ անձրև է, ցանքս փչացավ, այգու ծաղիկը սրբեց-տարավ։

Եթե անձրև չի գալիս, դժգոհում են․

– Թյու՜, անձրև չի գալիս՝ արտերս ջրի, խոտն ու ծաղիկները խանձվեցին։

Եթե քամի չի լինում, կալվորը դժգոհում է․

– Ա՜խ, մի քամի լիներ, ցորենը քամեի։

Եթե ուժեղ քամի է լինում, դժգոհում են․

– Անտեր քամին որտեղի՞ց եկավ, դարմանը քշեց տարավ, ծառերը արմատախիլ արեց, մարգերս ավերեց։

Իսկ երբ վերևից ժպտում է լուսինը, ներքևից էլ ժպտում է մարդը։ Երբ լուսինը սահում է ամպերի տակ, մարդը ժպտալով նայում է, թե ինչպես է լուսինը պահմտոցի խաղում ամպի հետ երկնքում։

Այդ օրվանից չորս որդիները երբեք միասին չեն լինում․ Արևը դուրս է գալիս՝ Լուսինը չկա, հայտնվում է Լուսինը՝ Անձրևն է փախչում։ Եվ ապրում են բաժան-բաժան, բայց միմյանց չեն խանգարում։

Մայր հողը մոր նման մեծահոգաբար հավասար աչքով է նայում իր չորս որդիներին ու երբեք առիթ չի տալիս, որ նրանք գժտվեն իրար հետ։
Եվ չորս որդիներն էլ իրենց բնավորության և ընդունակությունների չափով ծառայում են Մարդուն։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում