ՀԱԿ ավագանու թեկնածուները առանձնապես ունեցվածքի տեր չեն

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուները, դատելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Փաստինֆոյին» տրամադրած նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից, առանձնապես ունեցվածքի տեր չեն:

Ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ (22.12.1992թ. -22.02.1996թ.), ներկայումս ոչ մի տեղ չաշխատող, 54-ամյա Վահագն Խաչատրյանը հայտարարագրում նշել է միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցներ: Նա շարժական և թանկարժեք գույք, եկամուտներ, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի:

2012 թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Երևանի նախկին քաղաքապետն հայտարարագրել է երկու միավոր անշարժ գույք՝ բնակարան և ավտոտնակ Երևանի Զաքյան 5 հասցեում՝ 168,96 քմ և 36 քմ մակերեսներով:

Վ. Խաչատրյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 600 հազար դրամի և 1 500 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ:

ՀԱԿ-ի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը հայտարարագրել է միայն եկամուտներ՝ ՀՊՏՀ-ից և Երևանի պետական համալսարանից ստացված աշխատավարձերը, և 500 հազար դրամի չափով դրամական միջոցներ:

Զ.Թադևոսյանը անշարժ, շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի:

ՀԱԿ-ի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու, 34-ամյա Արման Մուսինյանը, ով հաշվառված է Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 15 հասցեում, բնակվում է Ա.Խաչատրյան 12 շենքում՝ որպես վարձակալ: Ըստ հայտարարագրի, սեփականության իրավունքով նրան է պատկանում միայն 2003թ.-ի արտադրության «Հոնդա Էլեմենտ» ավտոմեքենան:

Ա.Մուսինյանի եկամուտները գոյացել են ՀՀ առաջին նախագահի գրասենյակից ստացած 945 հազար 492 դրամ աշխատավարձից: Նա հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 150 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում