Նաիրա Զոհրաբյան. Իմ հեռախոսը չի լռում Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է:

Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը: ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի և դրանով ամեն ինչ ասված է: Ի վերջո, ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ և նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով: Կա նաև հարցի մեկ այլ կողմը’ Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաև, չխուսափենք ձևակերպումից’ վարկաբեկվել, «ընդդիմություն» հասկացությունը այնքան անորոշ և երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը ևս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի:

Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ բազմաթիվ «ընդդիմադիր» ականներ և հաճախորդներ բացահայտվեցին, և այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում ցանկացած հարց, այդ թվում’ Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար

Նաիրա Զոհրաբյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում