Աստղային ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերն ավարտվում են ամռանը

Նմանատիպ
Ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկին թեև դեռ բավականաչափ ժամանակ կա, բայց արդեն մասամբ հայտնի է, թե ովքեր կարող են փոխել մարզահագուստի գույները:
Ֆերնանդո Տորրես (33 տարեկան) – «Ատլետիկո»
Տորրեսը գրեթե չի խաղում: Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխության տարբերակներն է ուսումնասիրում: Տորրեսին գուցե տեսնենք «Նյուքասլում» կամ Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներից որևէ մեկում:
Ալեքսիս Սանչես (28 տարեկան), Մեսութ Օզիլ (29 տարեկան) – «Արսենալ»
Լոնդոնից հեռանալու Սանչեսի ցանկության մասին բաց են խոսում: Ինչ վերաբերում է Օզիլին, ապա Արսեն Վենգերը վստահեցնում է, որ կիսապաշտպանն այս ձմռանը չի հեռանա «Արսենալից»: Ամեն ինչից դատելով՝ ամռանը սա անվիճելի փաստ կլինի: Շրջանառվող լուրերի համաձայն, հավանական տարբերակ է «Ռեալը», հատկապես գերմանացու վերջին հարցազրույցից հետո:
«Զիդանի խաղաոճը վարակել է ինձ: Հիշողությունները դեռ թարմ են: Երբ «Ռեալ» գնացի ու հանդիպեցի նրան, ձեռքերս դողացին: Լարվում էի, բայց Զիդանը բարի էր ու դրական: Ժամանակ առ ժամանակ շփվում ենք»,-«FootballMgzn»-ի հետ հարզացրույցում ասել է Օզիլը:
Անդրես Ինյեստա (33 տարեկան), «Բարսելոնա»
Ինյեստայի իրավիճակը խճճված է: Ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ֆուտբոլիստն ասաց, որ կարիերան գուցե այլ ակումբում ավարտի: Հետո ցմահ պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ:
«Ինյեստա հավերժ». այսպիսի գրություն կար նրա մարզաշապիկին շնորհանդեսի ժամանակ: Հաջորդ օրը, սակայն պարզ դարձավ, որ համաձայնագրի կետերից մեկը նրան թույլ է տալիս հեռանալ ակումբից: Դրա համար Ինյեստան պարտավոր է ակումբին իր տեղափոխության մասին նախազգուշացնել ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ապրիլը:
Արյեն Ռոբեն (33 տարեկան), Ֆրանկ Ռիբերի (34 տարեկան) – «Բավարիա»
«Բավարիայի» երկու աստղերը, ասես, մեկ ընդհանուր ապագա ունենան: Ամեն դեպքում ակումբի ղեկավարությունը նրանց երկուսի նկատմամբ միևնույն դիրքորոշումն ունի:
«Խոսքը երկու ֆուտբոլիստի մասին է, ովքեր ակումբում մեծ ավանդ ունեն: Նրանց հետ լուրջ խոսակցություն կունենանք: Կարծում եմ՝ դա գարնան սկզբին տեղի կունենա»,-ասել է «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Ռումենիգեն։
Ջորջիո Կյելինի (33 տարեկան) – «Յուվենտուս»
Կենտրոնական պաշտպանը Թուրինում է 2005-ից: Բուֆֆոնի ու Կյելինիի հեռանալով՝ ակումբից մի ամբողջ սերունդ կգնա: Լուրեր են շրջանառվում, որ «Յուվենտուսը» նոր պայմանագիր է պատրաստում Կյելինիի համար, սակայն մանրամասներ դեռ չկան։
Յայա Տուրե (34 տարեկան) – «Մանչեսթեր Սիթի»
Ընդունակություններուվ ու բնավորությամբ հայտնի ևս մեկ վետերան: Տուրեին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է հիշեն՝
- Չի կարելի մոռանալ շնորհավորել ֆուտբոլիստի տարեդարձը:
- Եթե որևէ մեկը նեղացնի Տուրեին, ապա լուրջ խոսակցություն կունենա գործակալ Սելյուկի հետ:
Կիլիան Մբապե (18 տարեկան), «Պարի Սեն Ժերմեն»
Անսպասելի է, բայց փաստ: Այո, շատերը կարծում էին, թե ՊՍԺ-ն երկարաժամկետ պայմանագիր ունի Մբապեի հետ: Իրականում այդպես էլ կա, բայց պաշտոնապես ֆուտբոլիստը վարձավճարով է ձեռք բերվել «Մոնակոյից» և նրա տրանսֆերային իրավունքներն ակումբը կարող է գնել 2018-ի ամռանը: Սա արվել է ֆինանսական մասով արդար խաղին չհակասելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում