Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակելու է ներկայացնել իրական պատմությունը ոչ միայն գործող ցուցադրության միջոցով, այլև’ աշխարհի խոշոր մայրաքաղաքների ցուցասրահներում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Դեմոյանը կարևորեց անցյալ տարվա ընթացքում ցուցադրությունները Բեյրութի կաթոլիկ եկեղեցու սրահում և Կոպենհագենի թագավորական գրադարանում: «Այս ցուցադրությունները առիթ հանդիսացան թուրքական դեսպանատան արձագանքին, ինչն իր հերթին բերեց դանիական հասարակության սուր արձագանքը, որը դրսևորվեց շուրջ 250 քննադատական հոդվածների տեսքով: Հիմնական թեզն այն էր, որ թուրքական կողմը իրավունք չունի ժխտողական տեսակետ արտահայտել Դանիայում»:
Բանախոսը նշեց, որ ներկայումս թանգարանը ունի պայմանագիր չեխական Լիդիցա հուշամահալիրի հետ, իսկ առաջիկայում նախատեսվում է ստորագրել մի շարք պայմանագրեր, որոնց թվում են Կանադայի մարդու իրավունքների թանգարանը:
«Ապագայում նոր ցուցադրությամբ, գիտական կապերով հավակնում ենք դառնալ խոշոր հետազոտական կենտրոն, որը կիրականացնի ոչ միայն ուսումնասիրություններ Հայոց ցեղասպանության թեմայով, այլեւ’ ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայի շուրջ»,- նշեց Դեմոյանը: